Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՇՈՒՇԻՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԸ
Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները աշխարհաքաղաքական մեծ ծրագրեր ունեն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Շուշիի կորուստն իր հետևանքներով համեմատելի է Անիի կորստին, բայց խնդիրն այն է, որ Շուշին, որպես գործոն, որը երկար տարիներ՝ 92 թվականից ի վեր, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն է ապահովել, կարող է դառնալ ապագայում աշխարհաքաղաքական պայքարի լուրջ կատալիզատոր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը սկսել է շատ խոշոր ավտոճանապարհի շինարարություն, 4 ուղեշերտով մայրուղու լայնությունը կկազմի միջինը 36 մետր, ճանապարհը ձգվում է օկուպացված Հադրութից մինչև Շուշի: Սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն Շուշիին տալիս է ոչ միայն բարոյահոգեբանական և պատմական նշանակություն, այլև տնտեսական և ռազմա-քաղաքական, ընդ որում՝ առաջին հերթին ռազմա-քաղաքական: «Բացառված չէ, որ Շուշին, ինչպես արդեն ասել ենք, դառնա նոր ստեղծված ղարաբաղյան վարչական միավորի կենտրոնը կամ ավելին՝ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Շուշիում անցկացնել թյուրքական պետությունների գագաթնաժողովները կամ բացել համաթուրքական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ նաև ռազմական: Հասկանալի է, որ այդ ամենն արվում է նաև Թուրքիայի փոխանցմամբ՝ աշխարհաքաղաքական նպատակներով Անդրկովկասում, Հյուսիսային Կովկասում, Պովոլժիեում, Կենտրոնական Ասիայում, Իրանում և այլուր պանթյուրքիզմի տարածման համար իր պայքարում»,- շեշտեց Բաբայանը: