Ի՞ՆՉ ԵՆ ԾԽՈՒՄ ՆՐԱՆՔ
Վերջին շրջանում ի հայտ է գալիս հատկապես և միայն այդ հարցը, երբ տեսնում եմ հասարակական-քաղաքական արձագանքը կատարված և կատարվող ամենի առնչությամբ։ Քանզի խոսքը կարող է լինել միայն ուղեղի զանգվածային մթագնման մասին, եթե հասարակության մեջ արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվում է բանավեճը. դավաճան է Նիկոլը, թե ոչ, մեղավոր է արդյոք երկրի ղեկավարն այն բանում, որ ստորագրել է նրա (երկրի) կապիտուլյացիան, կարող է արդյոք նման գործիչն իր թիմի հետ շարունակել մնալ իշխանության ղեկին։
Ուրիշ էլ ի՞նչ պետք է հանձնի, դավաճանի, փլուզի ու ոչնչացնի այդ մարդը, որպեսզի վերջնականապես փարատի կասկածներն ակնհայտի վերաբերյալ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է անի, որ բնակչության մի մասի մոտ արթնանա գոնե ինքնապահպանման բնազդը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ թմրախոտ են ծխում նրանք, ովքեր շարունակում են արդարացումներ փնտրել նիկոլական իշխանության համար և ցանկանում ուղիղ ճանապարհով անդունդ գնալ նրա հետևից։
Ասենք, եթե Նիկոլի դեպքում դեռ կարելի է հաշվի առնել «պողոսային» կույր ֆանատիզմի գործոնը, ապա նրա թիմակիցներին ցուցաբերվող աջակցությունը արդեն պարզապես անցնում է ամեն չափ ու սահման։ Ահավասիկ «իմքայլական» տիկնանցից մեկը ամենայն լրջությամբ պնդում է, թե Ադրբեջանում լավ են վարվում մեր գերիների հետ։ Եթե մարդկանց գլուխը կտրելը լավ վերաբերմունքի դրսևորում է, ապա պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ է նկատի առնվում վատ վերաբերմունքի տակ։ Եվ ահա այդպիսի արարածը (խոսքը լավի ու վատի այլասերված ընկալում ունեցող պատգամավորուհու մասին է) այն խմբի մասն է, որը շարունակում է ղեկավարել Հայաստանը։
Այս համատեքստում, առանձնահատուկ ուշադրության են արժանի նիկոլական թայֆայի ևս երկու անդամների հայտարարությունները։ Դրանցից մեկը ներկայացնում է գործադիր ճյուղը, մյուսը՝ օրենսդիրը։ Ահա ուրեմն, իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարում է. «Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ»։ Բայց մինչ Արա Այվազյանը նման հայտարարություններ է անում, խորհրդարանի ամբիոնից ձայն է հնչեցնում պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պնդելով. «Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես և թե՛ հոգեպես: Պետք է երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները»։ Եվ դա տեղի է ունենում հենց այն օրը, երբ համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի ճիվաղը կտրում է տարեց հայի գլուխը։ Այդ ի՞նչ արարած պետք լինես, որ կոչ անես երկխոսություն սկսել հանցագործների, էթնիկ զտումների կազմակերպիչների և պարզապես հրեշների հետ, որոնք սպանում են անպաշտպան, անզեն մարդկանց։ Եվ այդ ի՞նչ թմրախոտ պիտի ծխած լինես, որ գիտակցաբար շարունակես վստահել երկրի, ասենք նաև սեփական ճակատագիրը այնպիսի երևույթին, ինչպիսին Անդրանիկ Քոչարյանն է։ Այստեղ, ի դեպ, հարկ է առանձնահատուկ ընդգծել նրա (Ա.Քոչարյանի) պաշտոնեական օրակարգը. պաշտպանություն և ազգային անվտանգություն։
Իսկ ահա Հայաստանի ղեկին գտնվող ավազակախմբի մեկ այլ ներկայացուցիչ ուղղակի բացահայտ ծաղրում է մարդկանց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն պահանջում նրա հրաժարականը։ Առանձնակի բթամիտների և սաստիկ «ուռածների» համար հատուկ կպատասխանենք այդ հարցին։ Եթե հիշյալ փաստաթուղթը վերաբերեր Կուրիլյան կղզիների հանձնմանը, ապա ՌԴ քաղաքացիները կպահանջեին Պուտինի հրաժարականը։ Եվ դա պետք է հասկանա գոնե մի կաթիլ ողջամտություն ունեցող ցանկացած չափահաս մարդ…
Իրականում մեր դժբախտությունն ամենևին էլ այն չէ, որ Հայաստանի ճակատագիրն այսօր տնօրինում են այդպիսի մարդիկ։ Իրականում խնդիրն այն է, որ կան երկրի հազարավոր, գուցե նույնիսկ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք դեռ շարունակում են աջակցել նման իշխանությանը։ Եվ այդ կապակցությամբ առաջանում է մեն-միակ հարց. այդ ի՞նչ են ծխում նրանք, իսպառ կորցնելով ինքնապահպանման բնազդը։