Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին

Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է:

«Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ:

Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը, տեղեկացնում է 1Lurer.am: