Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60 հոգանոց խմբից 34 զինվոր անհետ կորել են։ Նրանց ծնողներն իրենց զավակներից 52 օր ոչ մի լուր չունեն, տեղեկացնում է Sputnik Armenia։

 



Էջմիածնի զորամասի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատներին հրավիրեցին զորամաս` ղեկավարության հետ հանդիպման։ Մինչ այդ, սակայն, ծնողներից ոմանց նյարդերը տեղի տվեցին անվերջ շարունակվող սպասումից։

Ծնողներից մեկը բռունցքներով հարձակվեց զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի վրա, որը եկել էր հայտնելու, որ մեկնում է Կապան` այդ ուղղությամբ ԶՈւ ղեկավարից խաղաղապահների կազմակերպած որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն ստանալու համար։

«Բա գնա, գնա` գոնե չտեսնեմ քեզ այստեղ։ Նյարդերս չի հերիքում, չտեսնեմ քեզ այստեղ»,– ասաց տղամարդը։

Տարեց մեկ այլ տղամարդ արցունքն աչքերին պատմեց, որ ամուսնուց 52 օր տեղեկություն չունեցող հարսը, որը 3 մանկահասակ երեխաների մայր է, գիշերը չի կարողանում քնել, առողջությունը քայքայել է։

«Իսկ դուք մեզ ասում եք` գնացեք, վաղը եկեք, մյուս օրը եկեք։ Ի՞նչ անենք մենք։ Ինչքա՞ն կարող ենք համբերել»,– ասաց նա ու փորձեց հարվածել հրամանատարին, բայց հավաքվածները թույլ չտվեցին։

«Ես ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց։ Հավաքեցիք մեր երեխեքին, տարաք կրակի տակ։ Թոռներս ամեն օր հարցնում են` պապի՛, պապան ե՞րբ կգա. 3 տարեկան, 5 տարեկան, 7 տարեկան»,– դողացող ձեռքով աչքերը սրբելով` ասաց տարեց տղամարդը։

Կանանցից մեկն էլ պատմեց, որ հարսը վերջին անգամ հոկտեմբերի 20-ին է խոսել ամուսնու հետ ու այդ օրվանից նրանից լուր չունեն։