Անդրեյ ԱՐԵՇԵՎ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆԸ
Դեկտեմբերի 10-ին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից մեկ ամիս անց, Բաքվում անցկացվեցվ«Հաղթանակի շքերթ»` Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Երկու երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք արվել են հայկական գերեվարված ռազմական տեխնիկայի ցուցադրման արարողության ժամանակ, կասկած չեն թողնում, որ Անկարան և Բաքուն կենտրոնացած են էքսպանսիայի վրա, գրում է Անդրեյ Արեշևը՝ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» պորտալի իր հոդվածում:
«Այսօր այն օրն է, երբ Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և կովկասյան իսլամական բանակի քաջարի մարտիկների հոգիները երջանիկ են... Պայքարը դեռ շարունակվում է»,- Բաքվում բարձրաձայնեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ցույց տալով Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) հակառակորդներից մեկի և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության հայտնի կազմակերպչի հետ հաջորդականության կապը: «Կովկասյան իսլամական բանակը» Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծվել է Օսմանյան կայսրության կողմից՝ Կովկասի մահմեդական ժողովուրդներին օգնելու համար: 1918-ին թուրքերի պարտությունից հետո Էնվեր փաշան տեղափոխվելմ է Մոսկվա, որպեսզի վստահություն ձեռք բերի բոլշևիկների մոտ, իսկ կարճ ժամանակ անց խաբի նրանց՝ դառնալով բասմաչների ղեկավարը: Այս արկածախնդիրը մահացել է 1922 թվականին Արևելյան Բուխարայի լեռներում, իսկ 1990-ականների կեսերին նրա աճյունը հանդիսավոր կերպով վերաթաղվել է Ստամբուլում:
«Զանգեզուրը [Հայաստանի Սյունիքի մարզ. - հեղ.], Գյոյչան [Սևան], Էրիվանը [Երևանը] մեր պատմական հողերն են»,- այս բառերով է Իլհամ Ալիևը հերթական անգամ հաստատել պաշտոնական Բաքվի հավակնությունները, եթե ոչ ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի, ապա գոնե դրա մեծ մասի նկատմամբ:
Եվ պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի անշնորհք քաղաքականությունը նպաստում է հայոց պետականության վերջնական ապամոնտաժման ծրագրերի իրականացմանը: Այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղից մնացած տարածքի շուրջ (մոտ 2,5 հազար քառակուսի կիլոմետր) զինադադար հաստատվեց, այդ տարածաշրջանների և ադրբեջանական բանակի կողմից գրավված շրջանների միջև, «գորշ գոտիներ» առաջացան: Ինչպես ցույց է տալիս Դոնբասի փորձը, նման գոտիներում զինված միջադեպերն ու սադրանքները միայն ժամանակի հարց են, հատկապես՝ թուրքական ներկայության ուժեղացման դեպքում: Ավելին, Տավուշում, Գեղարունիկում (դա ցույց է տալիս Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ պատմությունը) և Սյունիքի մի շարք տարածքներում սպառնալիքի տակ են Հայաստանի պետական սահմանները, որոնք հիմնականում պաշտպանվում են տեղի հայ կամավորների և առանձին զորամասերի ուժերով: և պատահական չէ, որ Թուրքիայի իշխանություններին վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության ծրագրում Զանգեզուրը նշվել է որպես Ադրբեջանին պատկանող:
Խորհրդանշորեն դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած թուրք-ադրբեջանական «Հաղթանակի շքերթը» համընկնում էր երկու հոբելյանների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի (1991թ. դեկտեմբերի 10) և «Կապանի գործողության» մեկնարկի հետ, որի արդյունքում ստեղծվեց «անվտանգության գոտի», և Կապանի ու Սյունիքի այլ բնակավայրերի բնակիչները կարողացան դուրս գալ նկուղներից: Հատկանշական է, որ 29-ամյա վաղեմության դեպքերիվ մասնակցել են Յուրի Խաչատուրովը (որի հետ հետագայում Փաշինյանը անձնական հաշիվներ մաքրեց՝ վարկաբեկելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին) և Վազգեն Մանուկյանը (Փաշինյանին ընդդիմացող 17 կուսակցություններից ՀՀ կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնի թեկնածու՝ Ռուսաստանում լավ ճանաչված)։
Այժմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում: Ելույթների մասնակիցները պահանջում են հեռացնել Փաշինյանին իշխանությունից, որը ամուր կառչել է վարչապետի աթոռին: Նախկին ՀՍՍՀ-ի «կրկին ձեռք բերված» սահմանները պաշտպանելու փոխարեն (Ղարաբաղի կորստից հետո դրանք երկարել են ավելի քան 500 կմ-ով), ոստիկաններն ու կամուֆլյաժով անձնավորությունները բերման են ենթարկում ցուցարարներին, որոնք շատ առումներով փորձում են պատճենել 2018 թվականի գարնանը Փաշինյանին հաջողություն բերած մարտավարությունը: Ճիշտ է, այս անգամ ցուցարարներն այնքան էլ շատ չեն (մի քանի հազար)՝ նախ՝ պատերազմից պարտված պատերազմը հայ հասարակությանը բարոյահոգեբանական ծանր հարված է հասցվել, որի հետևանքները (ինչպես ցանկացած հետտրավմատիկ համախտանիշ) դեռ պետք է գիտակցվեն. երկրորդ՝ փակ սահմանները և անկում ապրող տնտեսությունը շատերին ստիպում են կենտրոնանալ ֆիզիկական գոյատևման վրա: Նաև չպետք է թերագնահատել որոշ քաղաքական և բիզնեսի շրջանակների «լավատեսությունը», որոնք պատրաստ են նոր պայմաններում բազմապատկել «գործարար կապերը» ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան գործընկերների հետ: Ըստ որոշ հաղորդագրությունների, նման կապերի առկայությունը կարևոր գործոն է հանդիսացել հայկական ռազմաճակատի և թիկունքի կազմալուծման համար` հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ակտիվ մարտական գործողությունների շրջանում:
Մինչդեռ Ռուսաստանից հայազգի խոշոր գործարարները (Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Ռուբեն Վարդանյան և այլն) կողմ են Փաշինյանի հրաժարականին, նա հանդիպում է թուրքական ուղղության հետ կապված գործիչների հետ: Նրանցից մեկը՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հայտնի է USAID-ի կողմից աջակցվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում իր ակտիվ գործունեությամբ: Ղազարյանն առաջիններից էր, որ խոսեց բեռների Հայաստան առաքման «Տրապիզոնի ուղղության» մասին, որը շահավետ է փոխադրողների համար, որպես վրացական Փոթիի ավելի էժան այլընտրանք: Հայաստանում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), որը բազմիցս հանդիպել է Փաշինյանի հետ նույնպես երկար ժամանակ աշխատել է Թուրքիայի հետ՝ դրա համար մաքսային արտոնություններ ստանալով:
Ելույթ ունենալով Բաքվում՝ Էրդողանն ասել է. «Հայ քաղաքական գործիչները և սփյուռքի կազմակերպությունները դատապարտել են հայ ժողովրդին աղետների: Եթե նա կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանի համար նոր դարաշրջան կսկսվի»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին` «լարվածությունը կանխելու համար»: Սա այդպիսի առաջին փորձը չէ. հիշենք 1990-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերը, որոնց ձախողումը հանգեցրեց Ռուսաստանի հետ պաշտպանական համաձայնագրերի ստորագրմանը և 2000-ականների հայ-թուրքական «հաշտեցմանը»՝ միջսահմանային ՀԿ-ների և Հիլարի Քլինթոնի հովանու ներքո:
Դեռ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ձևեր և ուրվագծեր է ունենալու Էնվեր փաշայի գաղափարական ժառանգների հետ «մեծ բարեկամությունը»: Հիշեցնենք, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գործընկերների շրջանում իշխող կոալիցիայում է ծայրահեղ արմատական կողմնորոշում ունեցող Դևլեթ Բահչելիի «Ազգայնական շարժման կուսակցությունը»:
...Ուղիղ հարյուր տարի առաջ, Մուստաֆա Քեմալի թուրք ազգայնականների հետ պարտված պատերազմից հետո Սիմոն Վրացյանի վերջին դաշնակցական կառավարությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով փաստացի Հայաստանը վերածվեց թուրքական պրոտեկտորատի: Այս խայտառակ փաստաթուղթը չճանաչեց ոչ միաժամանակ հռչակված Խորհրդային Հայաստանը, ոչ էլ Խորհրդային Ռուսաստանը, որի Կովկաս ժամանումը դադարեցրեց ազգամիջյան սպանդը և նշանավորեց Կովկասի ժողովուրդների խաղաղ զարգացումը: Իսկ այսօր, երբ ռուս խաղաղապահները վերադարձնում են Ստեփանակերտը խաղաղ կյանքի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ Մեծ Բրիտանիայում դեսպան է եղել, խնդրում է Վլադիմիր Պուտինին աջակցել Ադրբեջանի հետ սահմանների զատման գործընթացին՝ «հետագա լարվածությունը և բացասական զարգացումները վերացնելու համար»:
Հարյուր տարի անց, հիմնովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում պատմությունն անցնում է շրջանագծով: Կրկին «հայ ժողովրդի արևմտյան բարեկամների» անորոշ գռմռոցի ներքո հարց է առաջանում՝ «Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան»: