Արցախում ռուս զինծառայողները ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են կատարել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում: Պայթյունավտանգ առարկաների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանին հարող տարածքներում:

Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, զննվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս բերվել 51 պայթյունավտանգ առարկա:

Արցախում ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր ականազերծել են ավելի քան 155 հա տեղանք, 38 կիլոմետրից ավելի ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չգործած ռազմամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացնում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշը միջոցառումների ապահովմամբ, տեղեկացնում է News.am: