Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։ Այդ մասին տեղեկություններ են տարածել մի շարք լրատվական կայքեր։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, հրապարակված լուսանկարներից դատելով, գնդակոծվել է եկեղեցու գլխավոր գմբեթը, որը ռազմական գործողությունների ժամանակ անվնաս էր մնացել։

«Այս տեղեկությունը մենք կցել ենք տվյալների արխիվին, որը պատրաստվում ենք առաջիկայում ներկայացնել ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարությանը»,-նշեց Գրիգորյանը։

Նախարարությունն իր արխիվներից տվյալներ է տրամադրել Արցախի տարածքում գտնվող պատմության և մշակույթի մոտ երկու հազար հուշարձանների մասին, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանա-թուրքական օկուպացիայի տարածքներում: Դրանց թվում են քրիստոնեական տաճարներ, մզկիթներ, ամրոցներ, հին շինություններ, Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններ։ Այդ տվյալները կներկայացվեն խաղաղապահների հրամանատարությանը՝ դրանց պահպանման հնարավորությունը քննարկելու համար։

Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում մոտավորապես նույն քանակով հուշարձաններ կան։