Կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտնվեն բժիշկների հսկողության տակ:

Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերահսկողության ներքո:

Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` խնդրում ենք զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից և օգտվել տրամադրվող տեղեկատվությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: