ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑԻՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ

Դա նման էր դեժավյուի. հայասպան երկու դիվերսանտները Բաքվի օդանավակայանում. ճիշտ այնպես, ինչպես 2012-ի օգոստոսի 31-ին, երբ Ալիևը փրկագնով հետ ստացավ իր մեկ այլ մարդասպանի՝ Սաֆարովին։ Հանգամանքները շատ տարբեր են, բայց էությունը մեկն է. Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց նրանց, ում Ալիևը ապարդյուն փորձում էր հետ ստանալ վեցուկես տարի շարունակ։ Վերադարձրեց՝ առանց հանցագործությունների համար պատժի կրումը շարունակելու որևէ պայմանի։

Դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցավ 44 հայ գերիների և 12 ադրբեջանցիների փոխանակումը (միջազգային մարդասիրական իրավունքի լեզվով ասած՝ վերադարձը), այդ թվում՝ 2 հանցագործների։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ սա «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման մեկնարկն է։ Շնորհակալություն ռուսական կողմին. Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովն անձամբ է ուղեկցել հայրենիք վերադարձած հայերին։ Եվ տա Աստված, որ այդ մարդասիրական աշխատանքը շարունակվի։ Բայց դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս հայկական կողմին և իրեն վարչապետ անվանող Փաշինյանին ուղղված բազմաթիվ հարցեր. եթե սկսվել է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով գործընթաց, ապա ինչո՞ւ էր պետք առաջինը վերադարձնել հենց հանցագործներին, որոնց, և հայկական կողմը մշտապես ընդգծել է դա վեցուկես տարի շարունակ, անհնար է նույն նժարին դնել գերիների և պատանդների հետ։

Միանգամից վերապահում անեմ. փորձագետները համակարծիք էին, որ եթե մեր բոլոր գերիների վերադարձի պայմանը այդ երկուսին վերադարձնելն է, պետք է համաձայնել։ Բայց ընդ որում անպայման հաշվի առնել, որ Ասկերովն ու Գուլիևը միակն են այդ ցուցակում, ում սաստիկ շահագրգռված Է վերադարձնել Ալիևը։ Հենց այդ գործոնի վրա էր պետք, կոպիտ ասած, խաղալ՝ պահանջելով ԲՈԼՈՐԻ վերադարձը։ Եվ միայն ԲՈԼՈՐԻ վերադարձից հետո կարելի էր տալ հանցագործներին։ Ադրբեջանի նախագահի համար իր մարդասպանները թանկ էին կրկին իսկ անձնական պիարի տեսանկյունից, և դրանից պետք էր օգտվել՝ մեզ համար առավելագույն շահով։

Բայց Փաշինյանը հերթական անգամ լիովին բավարարեց Ալիևի ցանկությունը։ Նույն Նիկոլը, որը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ համաձայնել է հայկական տարածքների հանձնման ճշգրիտ ժամկետներին, բայց չի բարեհաճել նախորոշել գերիներին ու պատանդներին վերադարձնելու գոնե մոտավոր ժամկետները։ Պարզապես այն պատճառով, որ նրա համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Բայց այսօր, երբ օղակը գնալով ավելի ամուր է սեղմվում դավաճանի շուրջ, երբ նրան հույժ անհրաժեշտ է գոնե ինչ-որ հաջողություն, նա բաց չի թողնում ուրիշների հաշվին ինքնագովազդի առիթը։ Մինչդեռ առաջին հերթին հանցագործներին վերադարձնելը ծայրաստիճան բացասական քաղաքական նշանակություն է ձեռք բերում և կարող է նույնքան բացասաբար ազդել հետագա գործընթացների վրա։

Միայն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով՝ հայ գերիների ընդհանուր թիվը կազմում է 60 զինվորական և 40 քաղաքացիական անձ, ընդհանուր առմամբ՝ 100 մարդ։ Սա կարելի է համարել նվազագույն թիվ, քանի որ այլ աղբյուրներ նշում են, որ գերիների թիվը հասնում է ընդհուպ մինչև մի քանի հարյուրի։ Եթե 44-ին գումարենք մի քանի օր առաջ վերադարձած ևս երեք տարեց մարդկանց, և մեկ տղամարդու դիակը, կստացվի, որ այսօրվա դրությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 48 մարդ։

Այսինքն մենք չենք ստացել մեր գերիների նույնիսկ կեսին, բայց հայաստանյան իշխանությունները համաձայնեցին առաջին հերթին տալ քարվաճառցի մարդասպաններին։ Փաստորեն՝ առանց որևէ պայմանի վերադարձնել Արցախի դատարանի կողմից դատապարտված հանցագործներին։ Այդպիսով Երևանը նույնիսկ ավելի վատ վարվեց, քան Հունգարիան, որը ժամանակին ձևականորեն նախորոշեց Սաֆարովի վերադարձը մարդասպանի կողմից պատիժը կրելու խոստումով։ Ցուցանշական է, որ այն ժամանակ ԶԼՄ-ները պնդում էին, որ Հունգարիայի իշխանությունները գործարքի համար ստացել են 3 մլրդ դոլար։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլին մեղադրում են Արցախը 5 մլրդ դոլարով վաճառելու մեջ, և իշխանությունները մինչև հիմա որևէ կերպ չեն արձագանքել այդ մեղադրանքներին։

Վերադարձնելով հանցագործներին, որոնք գտնվում էին Արցախի իրավասության տակ, ինչը ևս մշտապես ընդգծվել է պաշտոնական Երևանի կողմից, Փաշինյանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը թեկուզ այն «կռճոնի» տեսքով, որը մենք այսօր ունենք իր ջանքերով։ Փաշինյանը որոշում է կայացրել միանձնյա, թեև այդ երկուսը գտնվում էին Ստեփանակերտի իրավասության տակ։ Դրանով իսկ Նիկոլը արժեզրկեց Արցախի դատարանի դատավճիռն ու փաստորեն հաստատեց Բաքվի բազմակի հայտարարություններն այն մասին, թե նրանք ոչ թե հանցագործներ են, այլ պատանդներ։

Ի դեպ, ըստ որոշ տելեգրամ-ալիքների՝ Փաշինյանը փորձել է Արայիկ Հարությունյանին պարտադրել ներում շնորհել մարդասպաններին, որպեսզի իրավական հիմքեր ունենա նրանց վերադարձնելու համար, բայց նա, իբր, հրաժարվել է դա անել։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, հանձն չենք առնում դատել։ Դժվար թե Փաշինյանին հետաքրքիր են այնպիսի «մանրուքներ», ինչպիսիք են իրավական հիմքերը. ճիշտ այնպես, ինչպես իր «կիրթ» ընկեր Ալիևը, նա թքած ունի և՛ իրավունքի, և՛ բարոյականության, և՛ 2014-ի հուլիսին սպանված Սմբատ Ցականյանի ծնողների տառապանքների վրա։ Ու նաև՝ մեր մյուս գերիների վերադարձի։

Քանզի Ալիևին հանձնելով ոճրագործներին՝ Փաշինյանը բավական մշուշոտ դարձրեց մնացած գերիներին վերադարձնելու հնարավորությունը։ Ալիևին, կրկնեմ, հետաքրքրում էին միայն այդ երկուսը և միայն նրանք էին հայկական կողմի, այսպես ասած՝ «հաղթաթուղթը»։ Ստանալով այդ «խաղաքարտը», Ալիևը կսկսի խուսավարել, ամեն կերպ ձգձգել, թաքցնել իր մոտ գտնվող գերիների իրական թիվը, անտեսել բոլոր կոչերն ու հորդորները... Եվ այդ ամենի մեղավորը կլինի մեկ անձնավորություն. Նիկոլ Փաշինյանը, որը հերթական անգամ կապիտուլյացիայի ենթարկվեց Ալիևի առջև։

Պարզ է, որ Նիկոլն անխնա կօգտագործի հայ գերիների վերադարձի փաստը սեփական նպատակներով, որոնցից ամենագլխավորը իշխանության ղեկին մնալն է։ Նույնքան պարզ է, որ եթե անգամ ինքն ինչ-որ կապ ունի այդ վերադարձի հետ, ապա լոկ ամենավերջին հերթին։ Փոխարենը պատրաստակամությամբ համաձայնեց ԱՌԱՋԻՆ հերթին վերադարձնել թշնամուն նվիրած Քարվաճառում ծնված 17-ամյա տղայի՝ Սմբատ Ցականյանի դահիճներին։

Մինչդեռ գերիների վերադարձին բառացիորեն զուգահեռ ընթանում էր մեկ այլ գործընթաց. ևս երկու գյուղեր, որոնք ըստ համաձայնագրի պիտի մնացած լինեին Արցախի վերահսկողության տակ, Հին Թաղերն ու Խծաբերդը, վերջնականապես անցան Ադրբեջանին։ Իսկ գերության մեջ հայտնվեցին ևս 12 արցախցիներ։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, բնավ պատահականություն չէ, այլ այն դիվական ծրագրի մաս, որն ավարտին հասցնելու համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է ուղղակի հերոսական ջանքեր գործադրել։