«Կոմերսանտ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Ռուս խաղաղապահները կարգավորել են ղարաբաղյան Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում միջադեպը՝ ի շահ Բաքվի: Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում: Պարզվել է, որ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը: Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի այդ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ գտնվող շրջաններին, գրում է «Կոմերսանտ»-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության՝ վերադարձնելով դրա նախկին տեսքը: Եթե դեկտեմբերի 13-ին հրապարակված քարտեզում խաղաղապահների հսկողության գոտում ներառված են եղել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև դեպի այդ գյուղեր տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ին ուղղված տարբերակում այդ տարածքները նշված են որպես Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող: Դեռ ավելին, «Պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է գիծ, որով ընդգծված է խաղաղապահ առաքելության գոտին: Այն նկարագրված է որպես «Ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի»: Այդ նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն այդ գոտու սահմաններից դուրս իրենց ազդեցությունը տարածելու իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ին Հադրութի մոտակայքի երկու գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողությունները ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև, որոնք հրաժարվում էին հեռանալ այդ դիրքերից: Իրենց գործողությունները Բաքվում անվանել էին «հարկադրված հակաահաբեկչական գործողություն»: Մարտերը դադարեցնելու հարցում օգնել էր միայն ռուս խաղաղապահների միջամտությունը: Իսկ ավելի ուշ ադրբեջանական Telegram-ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են հայ զինվորները վայր դնում զենքերը ադրբեջանցի զինվորականների հսկողության ներքո: Հաշվի առնելով, որ այդ կադրերում հողը ծածկված էր ձնով՝ նկարահանումն արվել էր արդեն նոյեմբերի 10-ի համաձայնությունը ստորագրելուց հետո և, շատ հավանական էր, որ հենց Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում: Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները չեն պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցին, թե ինչ է այժմ տեղի ունենում այդ գյուղերում:
Իրավիճակի լարվածության ավելացումը հանգեցրել էր առաջին լուրջ քննադատության ռուս խաղաղապահների հասցեին: Ընդ որում՝ այն հնչել էր երկու կողմերից:
Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց դժգոհությամբ ակնարկել էր առ այն, որ խաղաղապահների դիրքն արդեն վաղուց պետք է հայտնվեր էսկալացիայի գոտում: «Ինչո՞ւ հարձակման պահին խաղաղապահներն այդտեղ տեղակայված չէին. դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Իսկ երբ երկու գյուղերի շրջանում խաղաղապահ կոնտինգենտն արդեն հայտնվել էր, քննադատություններ էին հնչել Բաքվից: Ճիշտ է՝ ավելի ցածր՝ խորհրդարանական մակարդակում: «Ռուս խաղաղապահների ներկայացրած նոր քարտեզը ամբողջովին անհասկանալի է,-ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը՝ նկատի ունենալով տարբերակը, ըստ որի՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվել են ռուս զորքերի հսկողության ներքո:-Այն դուրս է գալիս համաձայնության սահմաններից, իսկ մեր հին հողերը դրանում ներկայացված են ուրիշ անուններով: Խաղաղապաների գործունեությունը սահմանված է միջազգային իրավունքով, և նրանք ոչ մի դեպքում չպետք է խախտեն իրենց պարտավորությունների և պատասխանատվության սահմանները: Նրանց պատրաստած քարտեզը չունի իրավական կամ քաղաքական հիմք»:
News.am