Շիրակցիները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին

Այս պահին Շիրակի մարզում լարված իրավիճակ է։ Օրեր առաջ Հադրութում գերի ընկած շիրակցիներին վերադարձնելու պահանջով քաղաքացիները փակել են Գյումրի-Երևանի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։

Իրավիճակը լարված է նաև Արթիկ-Երևան մայրուղու վրա: Այստեղ էլ Մեծ Մանթաշ գյուղի բնակիչներն են փակել ճանապարհը՝ պահանջելով հետևողական վերաբերմունք Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարցում: ՀՀ Շիրակի մարզային ոստիկանության ներկայացուցիչները փորձում են բացել ճանապարհը, սակայն նրանց դեռ չի հաջողվում անել դա: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին առաջարկում են միանալ իրենց: Տարածքում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր նմանատիպ ակցիա կանցկացվի նաև Շիրակի մարզի Քեթի գյուղի հատվածում։

Նշենք, որ այսօր ժամը 16.00–ին անհետ կորած կամ գերի ընկած շիրակցիների հարազատների հետ կհանդիպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։