Արման ԹԱԹՈՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է այն քարտեզները, որոնք ադրբեջանցի զինվորականներն ունենում են իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում։ Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք:
Նշվում է, որ այդ փաստը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում:
«Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: Ընդ որում` հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով` «այս երկիրը իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ»,– Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը: