ՊՆ. Հայ-ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին News.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

«Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը։ Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել սահմանազատմանն առնչվող որևէ փաստաթուղթ»,-հայտնեցին ՊՆ-ից։

ՊՆ-ից նաև հերքեցին տեղեկությունները, թե Սյունիքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ՝ ընդգծելով, որ խոսքը միայն սահմանապահների մասին է։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին News.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանն ասել էր, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվել՝ ճանապարհի անվտանգությունն ուղղակի վերահսկելու համար։