Գերեվարվածների տվյալները կներկայացվեն Եվրոպական դատարան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Գյումրիում հանդիպեցին Արցախում շրջափակման մեջ մնացած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Թաթոյանը փակ հանդիպումից առաջ լրագրողներին հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է իրենց ունեցած բոլոր տվյալները։
«Այս աշխատանքն արհեստավարժություն է պահանջում՝ ճշգրիտ տվյալներով, և մենք պետք է հիմա այստեղ աշխատանք տանենք»,-ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանը գերեվարվածների թվաքանակը չնշեց` շեշտելով, որ այդ մասին պետք է այլ մարմիններ խոսեն:
«Թվային տվյալների առաջնային աղբյուրը ՄԻՊ–ը չէ, մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում է իրականացնում տարբեր աղբյուրներից, թվային տվյալների համար կա կոնկրետ պատասխանատու մարմին, և առհասարակ այս երկրում կան պատասխանատու մարմիններ, ամեն մեկն ունի իր գործը, և այդ մարմինները պարտավոր են կատարել իրենց գործն այնպես, որ նման հարցեր չառաջանան: Չնայած դրան` մենք առավելագույն հնարավորություններով աշխատում ենք, որպեսզի գործընթացն առաջ գնա»,- նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` առաջին հերթին պետք է այս գործերը Եվրոպական դատարան ուղարկվեն, կան նաև այլ անելիքներ, որոնք տեղում են արվելու։
«Հիմա ամենակարևորը փաստաթղթային ձևակերպումները ճիշտ ու արագ անելն է»,– ավելացրեց պաշտպանը:
Թաթոյանը տեղեկացրեց, որ գերի ընկած անձանց հարցով արդեն հանդիպում է ունեցել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվել են այս հարցերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն էլ լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց, որպեսզի ապահովվեն Ադրբեջանի իշխանության տակ հայտնված և գերեվարված անձանց իրավունքները, անվտանգությունը, առողջությունը և անհրաժեշտ այլ վերաբերմունքի պայմանները, մինչև իրականացվի այդ մարդկանց վերադարձը։
Կիրակոսյանը նույնպես չասաց, թե կոնկրետ քանի հոգի է գերի վերցվել, միայն ասաց, որ թիվը մեծ է:
«Տեսագրությունների մեջ երևում են մարդիկ, որոնց արդեն ճանաչել են հարազատները: Թիվ չասեմ, բայց խումբը բավական մեծ է»,-ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ Եվրադատարանին կներկայացվեն նաև տեսագրություններում եղած գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգման ապացույցները` որպես կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: