ՀՀ ԶՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅԹՈՒՆԸ․ «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԹՇՆԱՄՈԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁՔՈՒԹՅԱՆ»
Հարգելի հայրենակիցներ,
Մենք, ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս,
վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը,
գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը,
կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին և ներքին քաղաքականության անհրաժեշտությունը,
առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով,
առացքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը,
սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:
Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով, ինչը լուրջ վտանգներ ու խորը մտահոգություններ է առաջ բերել բոլորիս մոտ:
Անհրաժեշտ է օր առաջ կազմակերպվել ու ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, արդյունավետ կերպով նախանշել նրանից դուրս գալու ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել նրա կյանքի կոչմանը: Այսօր առավել քան պահանջված է Ազգ-Բանակ դրոշի ներքո ապրելու և առաջնորդվելու մեր համախմբված մոտոցումները:
Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու պատրաստված իշխանությունների ձևավորումն ու պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր ու դժվարին պատասխանատվությունը և պետք է անհապաղ հրաժարական տան:
Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:
Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս
Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Լևոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր