ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՄԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն ԵՆ
ԽՍՀՄ, ութսունականների վերջ։ Չեռնենկոյի մահից հետո Քաղբյուրոյի հնաբնակ, Արևմուտքի հետ բանակցություններում հմտացած Անդրեյ Գռոմիկոն Քաղբյուրոյի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է Միխայիլ Գորբաչովին: Ինչո՞ւ նա այդպես վարվեց՝ զիջելով ճանապարհը, երկրի փաստացի առաջնորդի աթոռին նստեցնելով Քաղբյուրոյի ամենակրեատիվ ու Արևմուտքին ձեռնտու անդամին։ Այս հարցը սպառիչ պատասխան չունի և հավանաբար երբեք էլ չի ունենա։ Կան առանձին դիվանագետների առանձին վկայություններ՝ դրան նախորդած շրջանում Գորբաչովի և արևմտյան քաղաքական գործիչների շփումների մասին, կան տարբեր կասկածներ, բայց ոչ ավելին:
ԻՍԿ ՀԵՏՈ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԾԱՎԱԼՎԵԼ ԾԱՆՈԹ ՁԵՎԱՆՈՎ։ Գռոմիկոն իշխանության բերեց Գորբաչովին, Գորբաչովն իր հետ բերեց Ռաիսա Մաքսիմովնային։ Միխայիլ Սերգեևիչն ու Ռաիսա Մաքսիմովնան բերեցին արևմտամետ բարեփոխիչներին։ Բարեփոխիչները սկսեցին բարեփոխումները։ Խորհրդային ժողովուրդը հանկարծ դարձավ հպարտ և ուրախ։ Եվ ատելությամբ լցվեց նախկին, «փտած ու կոռումպացված» իշխանության հանդեպ։ Ու սկսեց հանձնել բացառապես ամեն ինչ. Աֆղանստանը, Վարշավայի պայմանագիրը, Բեռլինը։ Փոխարենը կային աներևակայելի հրապարակայնություն ու տնտեսական վերելքի խոստումներ՝ «արագացման» կախարդական փայտիկի և... Արևմուտքի օգնության շնորհիվ։ Գորբաչովը սկսեց բանակցությունները զինաթափման վերաբերյալ, Արևմուտքը խոստանում էր ավելին ու ավելին, Ռաիսա Մաքսիմովնան սիրում էր իրեն ցույց տալ հասարակության առջև ու նվերներ ստանալ:
Արևմուտքի օգնությունը փոքր-ինչ ուշանում էր, բայց դա չէր մտահոգում բարեփոխիչներին։ Նրանք շարունակում էին բարեփոխումները, որոնք քայքայեցին երկիրը, և Խորհրդային Միությունը փլուզվեց, իր հետ տանելով կայսրության ծայրամասերում բռնկված տարբեր բախումների զոհը դարձած իր նախկին քաղաքացիների հազարավոր կյանքեր: Իսկ բուն Ռուսաստանում սկսվեցին սանձարձակ կամայականության, անհավանական կոռուպցիայի, բանդիտիզմի մոլեգնության խառնակ ժամանակները։ Այդժամ Արևմուտքը տեղից շարժվեց. հումանիտար օգնությունը սկսեց ստացվել պարբերաբար, վաճառասեղաններին հայտնվեցին «Բուշի տոտիկները», որպեսզի ոչ մեկի մտքով անգամ հանկարծ չանցնի սովից հուսահատ խռովություն բարձրացնել ու հետ բերել նախկին «փտած և կոռումպացված» կոմունիստական իշխանությանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐ։ Արևմուտքը խոստացավ անհավանականը. շռայլ ձեռքով մեզ տվեցին Սևրի պայմանագիրը, որով Հայաստանին էր անցնում ներկայիս Թուրքիայի գրեթե կեսը։ Նման գայթակղությանը դիմանալը դժվար էր, ու թեև հայկական իշխանությունները հասկանում էին, որ Ռուսաստանի հետ վիճել չարժե, գլխավոր շեշտն այնուամենայնիվ դրեցին Արևմուտքի խոստումների վրա։ Իսկ Քեմալ Աթաթուրքը հաշվարկ կառուցեց Ռուսաստանի վրա։ Եվ չնայած դա այն նույն Ռուսաստանն էր, որի առաջին հրամանագրերից մեկը «Թուրքահայաստանի մասին» դեկրետն էր, որտեղ խոսվում էր «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, բայց աշխարհաքաղաքական շահերը գերակշռեցին։ Արևմուտքի հետ դիմակայության պայմաններում Թուրքիան և աշխարհի քարտեզի վրա անսպասելիորեն հայտնված Ադրբեջանը ավելի կարևոր էին Ռուսաստանի համար, քան պատրանքներով ապրող Հայաստանը։
Երբ պարզ դարձավ, որ Հայաստանը չի դիմանա Թուրքիայի հետ պատերազմին, համաճարակները մոլեգնում էին, իսկ Արևմուտքի օգնությունը չգիտես ինչու ուշանում էր, Կարմիր բանակը մտավ Հայաստան։ Արդեն «կարմրած» Ադրբեջանի միջով։ Դա վճռեց Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագիրը, բայց փրկեց Հայաստանի մնացորդները։
Փրկեց, որ հարյուր տարի անց, վերականգնելով հանրապետությունը, անցնելով երկրաշարժի, ցրտի ու սովի տարիների միջով, պատերազմի միջով, ստեղծելով ևս մեկ հայկական պետություն, մենք նորից ամեն ինչ վերադարձնենք ի շրջանս յուր: Քանզի Արևմուտքը բարիքներ էր խոստանում, և հայ քաղաքականության հնաբնակ, Արևմուտքի հետ բանակցություններում հմտացած ՀՀ երրորդ նախագահը զիջեց ճանապարհը Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն իր հետ բերեց Աննա Հակոբյանին։ Աննան սիրում էր իրեն ցույց տալ հանրության առջև ու նվերներ ստանալ, իսկ ժողովուրդն անսպասելիորեն դարձավ հպարտ և ուրախ, ու սաստիկ ատելությամբ լցվեց նախկին, «կոռումպացված և մինչև ուղնուծուծը փտած» իշխանության հանդեպ։
Նիկոլն ու Աննան բերեցին երիտբարեփոխիչներին։ Երիտբարեփոխիչները սկսեցին բարեփոխումները Արևմուտքի խրախուսանքի և խոստումների ներքո։ Իսկ Էրդողանն ու Ալիևը հաշվարկ կառուցեցին Ռուսաստանի վրա։ Ու թեև դա այն նույն Ռուսաստանն էր, որի զինված ուժերը պաշտպանում են Հայաստանի սահմանները թուրքական ներխուժումից, աշխարհաքաղաքական շահերը գերակշռեցին. Արևմուտքի հետ դիմակայության մեջ Էրդողանն ու Ալիևը Ռուսաստանի համար ավելի կարևոր էին, քան խեղկատակ Փաշինյանը։
ՈՒՇ ՍԹԱՓՎԵՑԻՆ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ պատերազմը շահել անհնար էր, թեև երիտբարեփոխիչները մինչև վերջ ապավինում էին Արևմուտքի օգնությանը և հրաժարվում ընդունել Ռուսաստանի առաջարկները հրադադարի պայմանների վերաբերյալ։ Հրաժարվում էին մինչև վերջ, բայց Արևմուտքի օգնությունն ավանդաբար ուշանում էր և «Կարմիր բանակը» մտավ Արցախ՝ ստանալով Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը։ Դրա համար մենք վճարեցինք Շուշիով ու Հադրութով, բայց փրկվեցին Արցախի մնացորդները…
Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կոչ արեցին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Հ.Գ.- Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Սով չի լինի, պետականության կորուստ՝ նույնպես, թեև վերափոխումները բացառված չեն։ Փոխարենը՝ կլինի մարդասիրական օգնություն։ Մարդասիրական մեծ օգնություն։ Կօգնեն նաև կադրերով։ Լավ կադրերով։ Կլինի տնտեսության աստիճանական վերականգնում։ Ամեն ինչ կլինի։ Եվ աստիճանաբար մենք ավելի ու ավելի հաճախ կհիշենք ոչ միայն Սևրը, այլև ֆրանսիական մեծահոգի բանաձևերը... Գուցե նրա համար, որ տասնյակ տարիներ հետո կրկի՞ն անցնենք նույն ճանապարհը։