Թաթուլ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ՑԱՎՈՔ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔ
«Այդ չարաբաստիկ հայտարարությունից եկան մեր խնդիրները Սյունիքում, Գեղարքունիքում, վաղը, երբ սահմանները գծվեն, արդեն Տավուշի մարզում ենք խնդիրեր ունենալու»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախկին գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
Նրա խոսքով, ցավոք, խնդիրները կարող են հասնել մինչև Արարատի մարզի տարածք.
«Դա պայմանավորված է նրանով, որ այդ հայտարարության մեջ հստակ նշված չէ, թե սահմաններն ինչպես են գծվում. GPS-ով ենք որոշում, թե Հայաստանի սահմանները որտեղ են սկսվում և ավարտվում, իսկ ինչո՞ւ ենք 85-86 թվականների սահմաններով առաջնորդվում, նույն հաջողությամբ կարող էինք Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի սահմանն ընդունել»։
Գեներալ-մայորի խոսքով, սա Հայաստանի իշխանությունների ամենաթողության հետևանքն է, որովհետև 9 կետանոց հայտարարությունը նախատեսում էր, որ պետք է ամեն մեկը կանգնի այնտեղ, որտեղ հասել է, այլ ոչ թե նոր սահմանների գծում։
«Հայաստանն այսօր անվտանգ չէ, պաշտպանության հստակ որևէ գոտի չկա, միջոցներ չկան: Ինչի՞ է նման այն, որ համայնքապետերն են զինվորագրման կոչ անում, որպեսզի սահմանը հսկեն։ Իսկ պետական իշխանությունը որտե՞ղ է»,- հարց բարձրացրեց Թաթուլ Պետրոսյանը։