Սյունիքի մարզպետը զգուշացնում է
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար զգուշացնող հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով սահմանազատման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունը տարածված է մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով»,- նշված է հայտարարության մեջ։
Մարզպետը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով բնակիչները կարող են զանգահարել անհրաժեշտության դեպքում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։