Շիրակի կամավորական ջոկատ. Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք
Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակման հայտնված շիրակցի կամավորներն արդեն տանն են։ Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։
Ջոկատի կազմում եղած Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը պատմել է, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչպես են հայտնվել շրջափակման մեջ և ինչպես դուրս եկել շրջափակումից։ Նա, ինչպես ինքն է ասում, հենց առաջին օրվանից կամավորագրվել է, և ոչ վարչապետի կոչով:
Ջոկատը նոյեմբերի 29-ին մեծ դժվարությամբ հասել է Արցախ: Դեկտեմբերի 2-ին նրանք արդեն դիրքերում էին:
«Դիրքերին ծանոթացնելուց հետո, էլ ոչ մեկը` նույնիսկ հրամանատարական կազմը, մեզանով չի հետաքրքրվել, տեղյակ չեն եղել, մենք կանք, ի՞նչ ենք եղել։ Միայն 4 օրը մեկ սնունդ են ուղարկել: 10, թե 12-րդ օրն էր` իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»:
Ադրբեջանցիները շարասյունով եկել էին դիտակետը հսկելու հենց հաջորդ օրը: Թշնամու հետ բանակցային գործընթացը, ըստ Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավարի, իրականացրել է դասակի հրամանատարը՝ Արտավազդ Ղուկասյանը՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը: «Ադրբեջանցիների մասին Արտավազդն ահազանգել է հրամանատարությանը, պատասխանը եղել է՝ ինքներդ բանակցենք: Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, մենք թույլ չենք տվել, իրենք սուս ու փուս հետ են դարձել»,-պատմում է Սաղաթելյանը։
15 օրից հետո պիտի նրանց փոխարինեին, սակայն ջոկատը 18 օր է մնացել: «Շրջափակման մեջ ավելի երկար կմնայինք, եթե չահազանգեինք Գյումրի մեր ընկերոջը՝ Կարապետ Պողոսյանին ու աղմուկ չհանեինք։ Եթե դա չլիներ, մենք էլ գերի կընկնեինք»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` նշելով, որ ռուսները հենց 4-րդ օրն էին պատրաստ իրենց շրջափակումից հանել, սակայն հայկական հրամանատարական կազմից ոչ մի բանակցող չի եղել:
Չնայած ավելի քան 6 օր առանց ջրի ու քնապարկերի են եղել, սակայն կամավորները դրանից չեն դժգոհում։ Նրանց խոսքով` ջոկատի անդամներին բարկացրել է այն, որ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին են եղել, երբ որոշ պատգամավորներ իրենց են վերագրել, թե իրենք բանակցել են ջոկատը շրջափակումից դուրս բերելու մասով: «Աղմուկը բարձրացնելուց հետո նոր սկսեցին բանակցել, ընդհուպ մինչև Վիտալի Բալասանյանի մակարդակով: Բոլորն արվել է մեր կապերի միջոցով, թող այս իշխանություններից մեկը գա ասի, թե խառնվել են այս գործին»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` ցավով նշելով, որ իրենց պահած դիրքը իրենք լքել են:
«Ինչպես է կարելի 18 օր դիրքը պահես, վերջում ասեն`այդ դիրքը մերը չէ: Ադրբեջանցիները լավ զինված էին, տեխնիկապես հագեցած: 2 օրում մեծ սարը կտրեցին ճանապարհ սարքեցին, իսկ մեր իշխանությունները չգիտեն մարդիկ գերի են ընկել, թե ոչ»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` անհնար համարելով հայերի պարտությունը հենց այդ տարածքում, որտեղ ինքն է եղել:
23 տարի համայնքը ղեկավարած Վահրամ Սաղաթելյանը ցավով է նշում՝ նման անտարբեր վերաբերմունք հայրենի երկրի նկատմամբ երբեք չի եղել: Կամավորը ստեղծված իրավիճակը իշխանությունների անգործունեությամբ է բացատրում: