Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրգործը «կորել է» Ոստիկանություն-Քննչական կոմիտե ճանապարհին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ հարուցված այդ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։

Ոստիկանությունից չհայտնեցին՝ կոնկրետ ինչ հոդվածով հարուցված քրեական գործի մասին է խոսքը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ այս պահին Առուշ Առուշանյանը ոստիկանությունում չէ։ Նա գտնվում է Քննչական կոմիտեում։

News.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը չեն ստացել, հետևաբար մանրամասներ չեն կարող հայտնել հոդվածի, Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ Առուշանյանի փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես տեղյակ չէ, թե ինչ քրեական գործով է նա բերման ենթարկվել։

Նշենք, որ Առուշ Առուշանյանի անունը շրջանառվում է մի շարք քրեական գործերով։ Այդ քրեական գործի շրջանակներում նրա տանը տեղի են ունեցել խուզարկություններ։

Հիշեցնենք, որ երեկ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Գորիսի դարպասների մոտ են լինելու և թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։