«Իմ քայլը» մինչև ժամը 18։00-ն ժամանակ ունի. Երևանի կենտրոնում վրաններ են տեղադրում
Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում` այսօր այնտեղ գիշերելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Եղանակը ցուրտ է, բայց մենք ամուր ենք, վճռական։ Հետքայլ չկա, նահանջ չկա։ Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի պատվիրակությունով ներկայանան «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը և քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով, որ խորհրդարանական երկիր ենք, վերջին հաշվով Փաշինյանի հրաժարականի հարցը լուծվելու է խորհրդարանում։ Սաղաթելյանն ասաց նաև, որ սպասում են «Իմ քայլի» արձագանքին, իսկ մինչ այդ կտեղադրեն վրանները։
Նշենք, որ ոստիկանները չեն թույլատրում, որ վրաններ տեղադրեն` ասելով, որ նման թույլտվություն չկա։