Ղարաբաղի դասերը. Կարո՞ղ են արդյոք ռուսական ՀՕՊ համակարգերը դիմակայել անօդաչուներին

Այս շաբաթ մի քանի պորտալներ հայտնել են, որ ՌԴ ԶՈՒ զորքերի ՀՕՊ ռազմական ակադեմիայի մասնագետները կատարել են Լեռնային Ղարաբաղում հայկական հակաօդային պաշտպանության միջոցների մեծածավալ կորուստների և թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի փաստացի լիակատար գերիշխման մանրակրկիտ վերլուծություն, գրում է «Գազետա.Ru»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը, տեղեկացնում է News.am:

«Պարզվել է, որ ամեն ինչի մեղավորը թուրքական դրոնների ԱՑՄ (արդյունավետ ցրման մակերես) չափից ավելի փոքր ցուցանիշն է, ինչը և թույլ չի տվել ԱԹՍ-ները ժամանակին հայտնաբերել՝ վերջիններին հնարավորություն տալով հաջողությամբ կրակ արձակել»,- նշված է հոդվածներից մեկում:

Վկայակոչելով ՌԴ ԶՈՒ զորքերի ՀՕՊ ռազմական ակադեմիայի ներկայացուցիչներին՝ հրապարակումներում նշվում է, որ այնպիսի ՀՕՊ համակարգերի հրաձգարանային փորձարկումների ժամանակ, ինչպիսին են՝ «Բուկ-Մ1»-ը, «Տոր-Մ1»-ը ու «Օսա-ԱԿՄ»-ն, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային թնդանոթային համալիրը և «Տունգուսկա-Մ1»-ը, իբր ցուցադրվում է դրանց ցածր արդյունավետություն՝ 0,01 քառ.մետրից պակաս ԱՑՄ-ով փոքրաչափ ԱԹՍ-ների գործողության դեպքում, մինչդեռ թուրքական հարվածային ԱԹՍ-ների այս ցուցանիշը գրեթե համապատասխանում է այդ մեծությանը:

«Գազետա.Ru»-ի աղբյուրները, սակայն, հայտարարել են, որ Խորհրդային Միության մարշալ Ա.Մ. Վասիլևսկու անվան զորքերի հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիան վերևում բերված տեղեկությունների հետ ոչ մի կապ չունի: Բուհի ներկայացուցիչները այդ հարցերով ոչ մեկի հետ չեն շփվել և ոչ մի «հրաձգարանային փորձարկումներ» չեն եղել, որոնցում կհայտնաբերվեր ռուսական ՀՕՊ միջոցների «ցածր արդյունավետությունը»:

Ըստ էության, այստեղ կարելի էր վերջակետ դնել, բայց պատմությունը զարգացում է ունեցել, և ռուսական մի քանի լրատվամիջոցներ հոդվածներ են հրապարակել՝ «Ռուսաստանում բացատրել են ղարաբաղյան հակամարտությունում ՀՕՊ ժամանակակից միջոցների անարդյունավետությունը» տիպի վերնագրերով:

Ուշադրություն դարձնենք՝ հատկապես Ռուսաստանում: Մինչդեռ «Գազետա.Ru»-ի աղբյուրները նշում են, որ այս տեղեկություններն արտացոլում են ռուսական սպառազինությունը վարկաբեկելու օտարերկրյա պետությունների ջանքերը: Հայրենական այն լրատվամիջոցները, որոնք այս տեղեկությունները տիրաժավորել են, կարող էին գոնե ուշադրություն դարձնել առաջին հայացքից աննշան որոշ մանրուքների:

Օրինակ՝ «ամեն ինչի մեղավորը թուրքական դրոնների ԱՑՄ չափից ավելի փոքր ցուցաանիշն» է: Մինչդեռ Bayraktar TB2 ԱԹՍ-ի միայն թևերի բացվածքը 12 մետր է, իսկ սարքի երկարությունը կազմում է 6,5 մետր: Գործնականում ցանկացած ռադիոտեղորոշման կայանի համար սա Ան-2-ի նման առավել քան նկատելի և կոնտրաստային թիրախ է: Իսկ ԱԹՍ-ի արագությունը (130 կմ/ժամ) և թռիչքի բարձրությունը Bayraktar-ը միանգամայն պարզ թիրախ են դարձնում գործնականում ցանկացած ԶՀՀ-ի համար:

Զգալիորեն ավելի փոքր ԱՑՄ ունի իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերության մշակած պարեկող Harop-ի ռազմամթերքը: Բայց այս ԱԹՍ-ներն ամենևին մանրադիտակային չափերի չեն: Սարքի երկարությունը հասնում է 2,5 մետրի, իսկ թևերի բացվածքը՝ 3 մետրի: Harop-ի արտացոլող մակերևույթի մակերեսը գնահատվում է շուրջ 0,5 քառ.մետր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի պարտության մասին՝ պետք է հիշել, որ Երևանում առանձին քաղաքական գործիչներ պարբերաբար առաջ են տանում ռուսական զենքի և հատկապես ՀՕՊ միջոցների հասցեին տարբեր տեսակի մեղադրանքներ:

Սակայն «Գազետա.Ru»-ի աղբյուրների տվյալների համաձայն՝ նույն Սիրիայում սպառազինության նոր նմուշներն իրենց դրսևորում են լավագույն կողմից: Նույն «Բուկ» ԶՀՀ-ն, ինչպես պարբերականին հայտնել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, տապալում է «Բայրաքթարները»:

Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի անհաջողությունների և պարտության պատճառները ոչ թե ռուսական սպառազինությունների որակն է, այլ ոչ բավարար պատրաստվածությունը, ընդ որում՝ սկսած ռազմական գործողությունների թատերաբեմի օպերատիվ սարքավորումներից և վերջացրած մի շարք մասնագետների վարժվածության մակարդակով: «Gazeta.ru»-ի իրազեկ աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ այն բացահայտ ցածր է:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով՝ հայ քաղաքական գործիչներն ու զինվորականները չեն պատրաստվել հակառակորդի հետ մասշտաբային զինված հակամարտության: Նրանք իրենց հանգստացրել են այն մտքով, որ ֆորս-մաժորային իրավիճակում իրենց օգնության կգա բանակցային մարմինը, որը չունի ո՛չ լիազորություններ, ո՛չ նախապես հատկացված ռազմական զորախումբ ադրբեջանական կողմի հարձակումը ուժով կանխելու համար: «Սպայական կազմի ավելի քան 70 տոկոսն իրենց տեղում չէ: Եղել են նաև փախուստի դեպքեր: Դա խոսում է վերջին 10 տարում կադրային քաղաքականության մասին:

Բոլոր նրանք, ովքեր վերջին 10 տարում եղել են շտաբների պետեր, նախարարներ, գլխավոր հրամանատարներ, պատասխանատու են: Պետք է պետական դավաճանության մասին գործ բացել և հետաքննել: Պատերազմը պարտվել են ոչ թե զինվորները, ոչ թե ժողովուրդը, այլ ղեկավարությունը»,- ասել է Բաբայանը:

Ադրբեջանական կողմը երկար ժամանակ պատրաստվել է ԼՂՀ շփման գծում հայերի պաշտպանությունը կոտրելուն՝ պահուստներ կուտակելով և հետախուզություն անցկացնելով: Հայկական կողմը հակառակորդի գործողություններին պատասխանել է դրվագային և անհամակարգային:

Որպես հետևանք պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բաբայանի խոսքով, Ղարաբաղում հայերը ադրբեջանական հարվածներից 15 րոպեում կորցրել են ՀՕՊ համալիրների մինչև 50 տոկոսն ու հրետանային նյութական մասի մինչև 40 տոկոսը:

Ստացվում է, որ սպառազինության և ռազմատեխնիկայի տակտիկական-տեխնիկական բնութագրերը ամենևին գլխավոր դեր չեն ունեցել այդ զինված հակամարտությունում: