ԼԻԼԻԹ ԱՆՈՒՆՈՎ ԿԱՊԱՎՈՐԸ. ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻԼՀԱՄԸ ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օրերս հետաքրքիր տեղեկատվություն հաղորդեց Mediaport տելեգրամ-ալիքը, համաձայն որի՝ Ալիևի և Փաշինյանի միջև կապն ապահովում է Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը։ «Mediaport-ի տրամադրության տակ հայտնվել են փաստեր, համաձայն որոնց՝ Արգիշտի Քարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը շարունակում է կապ պահպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ միջոցով։ Լիլիթ Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկատվության, այս ընթացքում Նազարյանը Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը աղբյուրը խոստանում է հրապարակել ամենամոտ ժամանակներս: «Նազարյանի միջոցով Փաշինյանը մեսիջներ է ստացել և ուղարկել Ադրբեջանի նախագահին և հաստատել փոխադարձ պայմանավորվածությունները»,- գրում է Mediaport-ը:

Այս տեղեկությունը լայնորեն տարածվեց սոցցանցերում՝ զարմանք ու շոկ հարուցելով։ Մինչդեռ տարօրինակ ոչինչ չկա այս հաղորդագրության բաղադրիչներից ոչ մեկում. ո՛չ նրանում, որ կապավորի դերում հանդես է գալիս Տեր-Պետրոսյանի հայտնի զինակցի կինը, ո՛չ էլ որ սույն տիկինը Փաշինյանի կնոջ մտերիմ ընկերուհին է։ Առավելևս դժվար չէ հավատալ, որ Նիկոլն առ այսօր շարունակում է կապ պահպանել Ալիևի հետ. այն, ինչ կատարվում է Արցախում, Սյունիքում և ողջ Հայաստանում, դրա առավել քան լավագույն ապացույցն է։

Լիլիթ Նազարյանի մասին «ԳԱ»-ն գրել է դեռ մեկուկես տարի առաջ՝ ՀՀ ԱԳՆ-ի «ՀՀՇ-ականացման» մասին պատմող հրապարակումներում։ Այն ժամանակ՝ 2019-ի գարնանը, Վլադիմիր Կարապետյանը դեռևս Փաշինյանի մամուլի խոսնակն էր և ձգտում էր «իրենով անել» նախարարությունն ու դառնալ «գորշ կարդինալ» արտաքին քաղաքականության հարցերում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ ԱԳՆ-ի այն աշխատակիցները, որոնք 2008-ին հանդես էին եկել ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի և, հետևաբար՝ «Մարտի 1»-ի իր հանցակից Նիկոլ Փաշինյանի, և հեռացվել աշխատանքից, վերադարձան ու նշանակվեցին բարձր պաշտոնների։ Բացի ամենայնից, այդ մարդիկ, վերադառնալով, շարունակեցին ցայտուն արտահայտված հակառուսական քաղաքականություն վարել։

«ԱԳՆ-ի լևոնականացման հետևում կանգնած է Վլադիմիր Կարապետյանը» վերնագրով հոդվածում խոսել ենք նաև նրա կնոջ՝ Լիլիթ Նազարյանի մասին։ Ժամանակին իր մայրիկի կողմից պատկառելի գումարով ԱԳՆ-ում տեղավորված, բայց այդպես էլ չկայացած դիվանագետի կինը հաջողակ գործարար է։ Նա դանիական Peter Justensen-Duty Free Shopping for Diplomats հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում: Բայց ոչ միայն. Նազարյանը նշյալ ընկերության ներկայացուցիչն է նաև Թուրքիայում։ Ինչպեսև, ուշադրությո՛ւն, սաստիկ ցանկանում է և փորձել է այդ բրենդի ներկայացուցիչը դառնալ նաև... Ադրբեջանում։ Առայժմ նրան դա չի հաջողվել, քանի որ բարոյական ոչ մի արգելք չճանաչող սույն անձնավորության ախորժակը բախվել է այդ երկրի իշխանությունների մերժմանը։ Իսկ այ հիմա, դատելով ամենից, Նազարյանը բոլոր հնարավորություններն ունի հասնելու իր երազանքի իրականացմանը և գրասենյակ բացելու Բաքվում։

Իսկ ինչո՞ւ ոչ, մի հարցնող լինի, եթե էկոնոմիկայի նախարարը, նույն ինքը՝ Menu.am ընկերության սեփականատերը, առանց ամոթի չնչին իսկ նշույլի, չնկատելով մեր զինվորների դեռևս չգտնված ու անթաղ մնացած մարմինները, չնկատելով գերիների խոշտանգման կադրերով բազմաթիվ տեսանյութերը, աչք փակելով Սյունիքի բարձունքների և դիրքերի հանձնման վրա, հայտարարում է ադրբեջանական շուկա դուրս գալու մտադրության մասին։ Ինչո՞ւ ոչ, եթե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների խորապատկերին համառ լռություն պահպանող և պապանձված մնալ շարունակող պատգամավորը զարմանում է, թե իբր՝ ի՞նչ վատ բան կա նրանում, որ հայկական ապրանքները վաճառվեն ոճրագործ երկրում։ Ինչո՞ւ ոչ, եթե նիկոլական խորհրդարանի Անվտանգության (!) և պաշտպանության (!) հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին, որի ձեռքերը մինչև արմունկները հայի արյան մեջ են:

Այս խորապատկերին Լիլիթ Նազարյանը միանգամայն կարող է ակնկալել, որ առաջիկայում անձամբ կբացի դանիական ընկերության ներկայացուցչությունը Ադրբեջանի մայրաքաղաքում և կտրուկ կավելացնի իր անձնական շահույթը: Գուցե նույնիսկ իր հետ վերցնի ընկերուհուն, որը ժամանակին առաջարկում էր սիլիկոն-խանում Մեհրիբան Ալիևային թեյ խմել Շուշիում ու մուղամ լսել։ Գուցե եկե՞լ է Էրատո-Հակոբյանի ու իր ընկերուհիների բոլոր ցինիկ երազանքների իրականացման ժամանակը։

Ի դեպ, ընկերուհիների մասին. ինչպես ասում են, ասա՝ ով է ընկերդ, կասեմ՝ ով ես դու։ Ովքե՞ր են պատկանում Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհիների թվին։ Ճիշտ է, «Նակոլկա Շուշո» պերճախոս մականունով հայտնի ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը։ Թե այդ ինչ արժանիքների շնորհիվ է նա նստել այդքան բարձր աթոռի, հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ Նակոլկա Շուշոյի գլխավոր գործառույթը իշխող ընտանիքի շահերը պաշտպանելն է։ Օրինակ, չար լեզուներն ասում են, որ հենց այդ անձնավորությունն է համակարգել պետհաստատությունների աշխատակիցների փաստացի ահաբեկումը, որոնց շաբաթ օրը հարկադրել են մասնակցել դեպի Եռաբլուր երթին՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով։

Հակոբյանին մտերիմ մեկ այլ կին՝ Գայանե անունով, պատկերված է նրա տխրահռչակ «Էրատո» ջոկատի լուսանկարում։ Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ, խոժոռադեմ այդ տիկնոջը ճանաչել են Աբխազիայի հայերը, որոնց հավաստմամբ՝ նա ակտիվ առևտրով է զբաղվում թուրքերի հետ և սերտ կապեր ունի նրանց հետ։ Թե ինչու է հենց այդպիսի կենսագրություն ունեցող մարդը հայտնվել Հակոբյանի ջոկատում և ինչ նպատակով՝ դատել հանձն չենք առնում, բայց, հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած աղետում Աննա Հակոբյանի ունեցած դերի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները, արտառոց կամ պատահական ոչինչ դրանում չկա։

Հիմա ահավասիկ վարչապետի կնոջ մտերիմ ընկերուհիների թվում է հայտնվել Թուրքիայի հետ գործարար կապեր ունեցող և Բաքվում բիզնես կարգավորել երազող Լիլիթ Նազարյանը՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակից Վլադիմիր Կարապետյանի կինը։ Մեկ նողկալի շղթայի օղակներն այնքան հստակ ու տեսանելի են շարվում, որ արդեն իմաստ էլ չունի ինչ-որ բան բացատրել։ Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ակունքներն ակնհայտորեն գալիս են Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ առաջին նախագահը չէր թաքցնում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրությունը։

Հենց դրա համար էլ Լևոնն ու Նիկոլը 2008-ի փետրվար-մարտ ամիսներին ձգտում էին վերադառնալ իշխանության, հենց դրա համար էլ կազմակերպեցին արյունոտ բաքոսատոնը՝ 10 մարդու սպանությամբ։ Այն ժամանակ չստացվեց, բայց դրան հաջորդած 10 տարիների ընթացքում Փաշինյանն անխնա շահարկում էր մարտի 1-ի թեման, իսկ իշխանության գալուց հետո կեղտոտ ֆետիշ սարքեց ողբերգությունից՝ շարունակելով անձնական շահ կորզել դրանից։

Հենց դրա համար նրանք բոլորը վերադարձան 2018-ին և այսօր ձգտում են սեփական անձի, իրենց բիզնեսի, անզուսպ հավակնությունների ու նողկալի նպատակների համար առավելագույն օգուտ քաղել համազգային աղետից ու երկրում արհեստականորեն ստեղծված քաոսից։ Անհայրենիք, պատվազուրկ, անամոթ ու բարոյական որևէ արգելքներից զուրկ մարդիկ, որոնք պատրաստ են հանձնել ամեն ինչ և վաճառել ամենն ու ամենքին, այդ թվում, իսկ գուցեև առաջին հերթին՝ թուրքերին, հանուն Բաքվում գրասենյակ ունենալու, նավթադոլարների հոսքի, թուրքական նավահանգիստների և ադրբեջանական շուկայի, հանուն երկու տարվա ընթացքում խորհրդարանում մաշած տաքուկ աթոռի և կառավարության պատերի ներսում անհոգ կյանքի՝ երկրի ճակատագրի համար զրոյական պատասխանատվությամբ:

Ուրեմն ինչո՞ւ պիտի Լիլիթ Նազարյանը կապավոր չաշխատի Փաշինյանի և Ալիևի միջև, համակարգելով արդեն նաև Սյունիքի ու ողջ Հայաստանի հանձնումը թշնամուն, եթե այդ «աշխատանքի» դիմաց նրան ժպտում է ողջ կյանքի երազանքի իրականացումը. դառնալ դանիական ընկերության ներկայացուցիչը Բաքվում։