Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է:
«Հանգամանալից քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, հաջորդաբար կատարվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների հաջողված աշխատանքը, որով Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովվում է հրադադարի ռեժիմն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Հաստատվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգումը շարունակելու երկկողմանի պատրաստակամություն, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: