Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԴԱ ՉՆԿԱՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները, դա չնկատելն անթույլատրելի է, իսկ մեր երկիրը շատ հաստատուն քայլերով գնում է կործանման: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այն, ինչն այսօր քննարկվում է, հենց մեր երեխաների և թոռների ապագայի հարցն է: Թողնելով նրանց սահմաններ, որոնք խոցելի են, որոնց ամբողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական և թուրքական ռազմական ուժեր՝ խոշոր ռազմաբազաներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն իրեն հարց պետք է տա: Շատերի հույսն այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած, փաստացի դա տեղի է ունենում»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ բազմաթիվ մտավորականներ այլևս հուսահատ վիճակում պատրաստվում են ուղղակի լքել երկիրը. «Ես կարծում եմ՝ սա հանցագործություն է սեփական ազգի հանդեպ: Լինելով մտավորական, ստանալով կրթություն, ապրելով այս հասարակությունում՝ դուք ունեք նաև ձեր պարտքը վերադարձնելու այս ժողովրդին»:
Հարցին, թե ինչո՞ւ Արցախի մեծ մասի կորստից, հազարավոր զոհերից հետո անգամ ժողովրդի մեծ մասը չի ցանկանում նախկինում իշխանության եղած քաղաքական ուժերի կողքին կանգնել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չկա իշխանություն, որը սխալներ թույլ չի տալիս, և «Հանրապետականը», բնականաբար, ունեցել է իր սխալները: Որն է տարբերությունը Հանրապետականի և այս իշխանության, կարծում եմ՝ ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի ժողովրդավար է, որովհետև բացարձակապես այդպես չէ, ոչ թե որովհետև ավելի հակված է իրավական պետություն ունենալ: Այս իշխանությունը գտել է մի շատ նուրբ բանական հնարք՝ սերմանել ատելություն, ինչը շատ հայտնի է պատմությունից ի վեր՝ պետք է բաժանել, որպեսզի տիրել: Այդ հոգեբանական հնարքն աշխատել է տարբեր երկրներում և կործանել է տարբեր երկրներ, այս ամենը տեղի է ունենում մեր երկրում ևս»:
Ինչ վերաբերում է Սյունիքի հատվածում սահմանազատումների խնդրին, որը կատարելիս Նիկոլ Փաշինյանը հղում է անում վարչատարածքային բաժանման մասին 2010 թ. ընդունված օրենքին, արդարադատության նախկին նախարարը նշեց. «Սա խոսում է բոլոր նրանց իրավական տգիտության մասին, ովքեր նման մեկնաբանություն են անում: Վարչատարածքային բաժանումը երբևէ և որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմաններ որոշելու հարցում, դրա համար գոյություն ունեն բացարձակապես այլ օրենքներ: Նման տգետ վերաբերմունքով վաղը այս իշխանությունը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ»: