Պետդումայի խոսնակ. Եթե համաձայնագիրը չստորագրվեր, ապա ՌԴ-ն խնդիր կունենար անմիջական հարևանությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած ամենակարևոր որոշումներից մեկն է և թույլ է տվել խուսափել ողբերգությունից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահի ընդունած կարևորագույն որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնության ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Սա թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը, հաջողվեց կանխել ողբերգությունը»,- նշել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ եթե այդ համաձայնագրերը չստորագրվեին, ապա Ռուսաստանը «ահռելի խնդիր կստանար անմիջական հարևանությամբ»:

«Բայց ամենագլխավորը՝ մարդիկ կարող էին զոհվել, ողբերգությունն անչափ լուրջ ծավալում կունենար: Հենց այն բանի շնորհիվ, որ նախագահը կարողացավ հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և հանգել այդ որոշումներին, մենք այսօր խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին: Սա մեր երկրի համար շատ կարևոր է, նաև քաղաքացիների կյանքի համար, որոնց վտանգ էր սպառնում»,- շեշտել է Վոլոդինը, տեղեկացնում է News.am: