ՍԵԼՖԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ

ԽԱՌՆԱԿ ՕՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիշողության մեջ գամված մի դրվագ։ Ադրբեջանին հանձնված գյուղերից մեկի բնակիչը իրերն է բարձում մեքենան։ Արագ չի ստացվում. աշխատում է մեկ ձեռքով, իսկ մյուսում սպիտակ դրոշն է։ Զինվորները ծիծաղելով շտապեցնում են՝ հարազատ ադրբեջաներենից ժամանակ առ ժամանակ անցնելով ռուսերեն հայհոյանքի։

ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ և ԻՆՉԻՆ ԴԵՌ ԵՐԵԿ ԱՆՀՆԱՐ ԷՐ ՀԱՎԱՏԱԼ։ Անսպասելիորեն սահմանամերձ շրջան դարձած Գավառում քաղաքացիական հագուստով ադրբեջանցի սպաները քեֆ են անում հայկական ռեստորաններից մեկում։

Սյունիքում չգիտես որտեղով անցնող հայ-ադրբեջանական սահմանը տեղ-տեղ հսկում են տեղացի աշխարհազորայինները: Ո՞ւր է Հայաստանի սահմանապահ ծառայությունը։ Ո՞ւր է Հայաստանի բանակը։ Չեն պատասխանում։ Իսկ դեռ բոլորովին վերջերս միայն այն էինք լսում թե՝ «Եթե անգամ Հայաստանում կայացել է ինստիտուցիոնալ ինչ-որ բան, ապա դա նախևառաջ բանա՛կն է»։

Ղարաբաղում հրապարակվել է Ադրբեջանին անցած բնակավայրերի ցուցակը. կարդալը բնավ այնքան երկար չէ, որքան ծանր։ Թալիշ, Մատաղիս, Ջրաբերդ, Թաղավարդ (բաժանված), Ճարտար (բաժանված)... «Բաժանված» պարզաբանումը զուգահեռներ է առաջացնում Բեռլինի պատի հետ:

Այն, թե որտեղ են ավարտվում հայկական հողերը և սկսվում ադրբեջանականը, ամենակոշտ, բայցև ամենից անորոշ հարցերից մեկն է։ Սահմանների գծանշումը նորովի անցկացնում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Հայաստանի մասնակցությունն անորոշ է և մշուշոտ։

Հայ ռազմագերիների վերադարձով, որոնց թիվը նույնպես դեռ հստակեցված չէ, կրկին զբաղվում է Ռուսաստանը։ Դժբախտների մայրերը գնում են Երևանում Ռուսաստանի դեսպանատուն կամ դիմում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովին: Հայաստանի պաշտպանության նախարարն այստեղ կապ չունի՞։

Իլհամ Ալիևը կնոջ հետ Լեռնային Ղարաբաղում էր։ Եկան, զինվորները ջերմորեն ողջունեցին ուրախություն ճառագող զույգին, սելֆի արեցին բնության գրկում։ Երկար չմնացին. վերադարձան Բաքու՝ հաղթանակի զորահանդես նախապատրաստելու։ Տրամադրությունը առավել քան լավ էր։

Դեկտեմբերի 7-ին Գյումրին ոգեկոչում էր ողբերգական երկրաշարժի զոհերի հիշատակը։ Եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աննա Հակոբյանը՝ անբաժան կողակիցը, կողքին չէր։ Արքեպիսկոպոսը, որը պետք է մատուցեր հոգեհանգստի պատարագը, նույնպես չկար. չէր ցանկացել կանգնել վարչապետի կողքին։ Փաշինյանը մոտենում է պսակներին, ուղղում իդեալական կապած ժապավենները, խոնարհում գլուխը։

Ավելի ուշ Սիսիանում վարչապետի մեկնած ձեռքը չի սեղմի մեկ այլ հոգևորական։

Երևան։ Վարչապետի պաշտոնը լքել Փաշինյանի հրաժարվելուց հետո սկսվում են անհնազանդության ակցիաները։ Դրանք այնքան էլ բազմամարդ չեն, բավարար արտահայտիչ չեն կարող դրդել իշխանությանը հրաժարականի։

Մինչդեռ մեկը մյուսի հետեվից հրաժարական են տալիս մարզպետները, տեղական աշխատակազմերի ղեկավարները, հնչում են ՀՀ Գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի պահանջները, որոնք Փաշինյանին կոչ են անում հրաժարվել պաշտոնից: Ամենևի՛ն։

«Նիկոլ» անունը հայկական անձնանունների բառարաններում եղել է և, իհարկե, կմնա։ ԶԼՄ-ները հաղորդեցին. նորածին որդուն Նիկոլ անունը տված մի մարդ դիմում է ներկայացրել անունը մեկ ուրիշով փոխարինելու համար:

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նշեց Թուրքիայի նավահանգիստներից և, ինչու ոչ, ադրբեջանական շուկայից օգտվելու բացվող հնարավորությունները։ Ո՞ւր ենք շտապում։

Ոստիկանության օղակի մեջ առած Ազգային ժողովի շենք: Պատգամավորները հարցնում են, Փաշինյանը՝ պատասխանում։ Գլխավոր հարցը. պատրաստվո՞ւմ է արդյոք հեռանալ։ Պատասխանը բացասական է: Բայց առանց նախկին վստահության, առույգության ու անկաշկանդության: Կարծես թե վստահ չէ իր ասածին։

Ընդդիմությունն իրենն է պնդում՝ կրկնելով, որ հիմա Հայաստանի համար Ռուսաստանի դերն ավելի կարևոր է, քան երբևէ։ Ապացույցներ պետք չեն, ամեն ինչ առանց այդ էլ պարզ է:

Եռաբլուր։ Հանուն սեփական անձի Փաշինյանի կազմակերպած խայտառակությունը ցնցեց բոլորին։

Վերջին իրադարձությունները բացեցին մարդկանց աչքերը շատ բաների վրա, այդ թվում՝ որ Հայաստանի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն աշխարհը չունի։ Որքա՞ն կարելի է սերտած կրկնել անգերազանցելի կոնյակի ու Չերչիլի մասին, անզուգական ծիրանի, որը հաղթեց ադրբեջանական շուկային Մոսկվայում, Միխայիլ Գալուստյանի և Սուվորովի տատիկի

Անցնող տարվա ավարտին, երբ Փաշինյանը լքում էր Ազգային ժողովի շենքը, ժողովուրդը դեռ կանգնած էր փողոցում ու հրաժարական պահանջում։ Վարչապետի զրահապատ լիմուզինի ապակիները պինդ փակած են: Թիկնապահների մեքենաների ապակիները, հակառակը՝ իջեցված, իսկ պատուհաններում հստակ երևում են կարճափող ինքնաձիգները. թիկնապահները նշանառության տակ են պահում փողոցը։ Նրանց թվում է, թե դա կօգնի։