Անհետ կորած զինծառայողի հայր․ Գնալու եմ թուրքերի հետ բանակցելու
Ավարտվեց անհետ կորած զինվորների հարազատների՝ վարչապետի հետ երեք ժամ տևաված հանդիպումը։ Ծնողներից մեկը նշեց, որ կառավարության աշխատանքը բավարար չի գնահատում, հարցերին պատասխան չի ստացել։
«Ծնողները հավաքվել են իրենց հարցերի պատասխանները լսելու համար՝ թեկուզ յոթանասուն տոկոսով։ Ես իմ հարցերի պատասխանը չեմ ստացել, բավարարված չեմ կառավարությունից։ Նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցելու»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը, վերջինս երեկ նշում էր, որ ինքը անձամբ է մասնակցել անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին ու անգամ բանակցել է ադրբեջանցիների հետ։
Ծնողները նշում էին, որ կան մի շարք խնդիրներ․ առաջինը՝ գերեվարվածների, անհետ կորածների խնդիրն է, երկրորդը՝ զոհված զիծառայողների աճյունների որոնման ու դուրսբերման հարցն է՝ մանավանդ եղանակային անբարենպաստ պայմաններում, հաջորդը՝ ԴՆԹ ապարատների քանակի խնդիրն է։
Անհետ կորած զինծառայողների հարազատները նշեցին, որ ԴՆԹ-ի ապարատների հարցը ևս բարձրացրեցին, սակայն պատասխանը միանշանակ չի եղել, թե ե՞րբ կշահագործվի նոր ապարատը հստակ չգիտեն, բայց վստահ են, որ այս տարի այն չի օգտագործվի, տեղեկացնում է ՓատԻնֆո-ն։