«ԷՐԱՏՈՆ» ԿԱՐՈՂ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՆԱԼ ՄԻԱՅՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ

Դեկտեմբերի 23-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում մտադիր է ամանորյա տոնական միջոցառումներ կազմակերպել զոհված, վիրավոր և անհայտ կորած արցախցի զինծառայողների 4750 երեխաների համար: Ծանուցման ծայրահեղ ցինիզմն ամփոփված էր ոչ միայն նրանում, որ Հայաստանի և Արցախի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավաճան համարվող անձնավորության կինը հիմա էլ մտադրվել է ինքնագովազդով զբաղվել ժողովրդի վիթխարի վշտի հաշվին։ Ցինիզմի բացարձակությունն ամփոփված էր նրանում, որ նա որոշել էր հրապարակավ ծանակել այդ վիշտը՝ ընտրելով հենց 4750 թիվը։

Հիշեցնեմ, որ պատերազմում զոհվածների և անհայտ կորածների հենց այդ թիվն է նշում ընդդիմությունը։ Մինչդեռ իշխանությունները առ այսօր՝ պատերազմի ավարտից մեկ ամիս և 20 օր անց, «իրենց» թիվը չեն նշել, ինչպես որ չեն նշվել նաև գերեվարվածների և անհայտ կորածների թվաքանակը։ Այդ թիվը՝ 4750, ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր տեղադրել են իրենց ավատարների վրա՝ սև շրջանակի մեջ վերցնելով ի նշան վշտի։ Այժմ ամեն ինչ տանուլ տված «գերագույն գլխավոր հրամանատարի» կինը, որի ունեցած դերը պատերազմի ելքում պետք է դառնա (և կդառնա) քրեական հետաքննության առարկա, օգտագործում է դա այն երեխաների թիվը նշելու համար, որոնց իրենք ամանորյա նվերներ են պատրաստել…

 «ЭРАТО» МОЖЕТ ПОЕХАТЬ В СТЕПАНАКЕРТ ТОЛЬКО В НАРУЧНИКАХ 1Թվում է, թե երկուսուկես տարում մենք պետք է վարժված լինեինք ամեն ինչի, այդ թվում ՝ Փաշինյանի ու իր «Էրատոյի» կողմից ծայրահեղ ցինիզմի դրսևորումներին։ Բայց... չի ստացվում, ամեն անգամ ապշում ես, թե որքան նողկալի ու զազրելի կարող է լինել մարդը, որի արարքները համեմատելի են միայն սատանայի գործերի հետ։ Քանզի նվերների հենց այդ քանակի ընտրությունը, անկասկած, պատահականություն չէ և ոչ էլ զուգադիպություն, այլ ցուցադրական ծաղր սգացող ժողովրդի, զոհվածների հիշատակի, նրանց երեխաների նկատմամբ, որոնց համար «Էրատո» Հակոբյանը պատրաստվում է «տոն» կազմակերպել։

Այդ փոքրիկների մեջ հավանաբար կան նաև նրանց երեխաները, ում աճյունները դեռ չեն հայտնաբերվել և հողին չեն հանձնվել, նրանց, ովքեր շարունակում են կտտանքների և ծաղրուծանակի ենթարկվել ադրբեջանական գերության մեջ, մինչ Փաշինյանի թիմակիցներն արդեն առաջարկում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց դահիճների հետ։ Ահավոր վերքը դեռ արնահոսում է, «Եռաբլուրի» գերեզմանները՝ օրեցօր ավելանում, ժողովրդի մեծամասնությունը բացառում է ամանորյա տոների մասին միտքն անգամ... Իսկ Հակոբյանի համար այդ ամենը ժանտախտի ժամանակ հերթական անգամ խրախճանք կազմակերպելու միջոց է՝ լիովին ցույց տալով իր անմարդկային դեմքը։

Նույն օրը սոցցանցերում արցախցի օգտատերերը սկսեցին հաղորդել, որ ըստ լուրերի՝ Հակոբյանը մտադիր է անձամբ այցելել Ստեփանակերտ և այնտեղ տոն կազմակերպել երեխաների համար, և որ հենց այդ նպատակով է Վերածննդի հրապարակում տեղադրվել սարքավորումը՝ վրանային ավանը տոնավաճառի համար: «Եթե այսպես կոչված «Էրատո»-ն գլխավոր դավաճանի կնոջ՝ աննա հակոբյանի գլխավորությամբ պատրաստվում է բալագան կազմակերպել քաղաքում՝ երեխաների համար ամանորյա նվերներով, ապա համառորեն խորհուրդ եմ տալիս չեղարկել այդ միջոցառումը։ Եթե ձեր մեջ մնացել է գոնե մի կաթիլ արժանապատվություն ու պատիվ, և ձեզ համար թանկ է զոհված տղաների հիշատակը, ապա կանեք ձեզանից կախված ամեն ինչ, որպեսզի այդ ճիվաղները չքվեն այստեղից։ Հակառակ դեպքում, ես զգուշացնում եմ, որ ոտքի կհանեմ քաղաքի բոլոր մայրերին, և մենք դա կանենք սեփական ձեռքերով։ Թող իրենց գլխին կպչեն իրենց նվերները։ Մենք այլևս թույլ չենք տա ծաղրել մեզ», - գրել է Գայանե Զաքիյանը, դիմելով Արցախի և Ստեփանակերտի ղեկավարությանը։

«Տուք ղարաբաղցուն լյավ չք գիդում։ Ժողովուրդ ծեր սաղ ծանոթների կտեղեկացնիք վեշմին հավաք, վեշմին յոլկա, տանը նստին`

Աբուռին!!!

Այր ու կին որոշել են ծաղրել բոլորիս։ Եռաբլուրը սրբապղծեցին հիմա էլ անցնում են Արցախի հայկական մասում մնացած երեխաների առանց այն էլ ոչ ամանորյա օրը պղծելուն։ Եթե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունես այստեղ, աննա հակոբյան։ Կարո՞ղ է պատահական գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես`երեխաների համար կազմակերպվող տոնակատարության պատրվակի տակ։

Բոյկոտել է պետք այս ամենը»,- գրել է Ստեփանակերտի մեկ այլ բնակչուհի՝ Իրինա Սաֆարյանը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, պատերազմի օրերին որպես գերազանց լուսանկարիչ հայտնի դարձած Դավիթ Ղահրամանյանը գրել է. «Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մի 2 ժամ առաջ ինձ զանգեցին Երևանից՝ առաջարկով, որ որպես լուսանկարիչ նկարեմ այս պղծությունը: Հրաժարվել եմ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ Ամանոր կպարգևենք»։ «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի տիկնոջ մանկուրտիստական տոնախմբությունն իրական զայրույթի և ցասման պատճառ է դարձել։ Հարգելով որդեկորույս մայրերի, ճակատագրի դաժան հարվածով առանց հայր մնացած երեխաների վիշտն, առաջարկում եմ մեր արդարացի բողոքն արտահայտել անօրինակ այս ցինիզմին։ Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք»,- գրել է Սևակ Հակոբյանը։

Մինչև հիմա անհասկանալի է. մի՞թե «Էրատո» Հակոբյանը իսկապես մտադիր էր մեկնել իր դավաճան ամուսնու մեղքով խոշտանգված, ծվատված, վիրավոր Արցախ։ Հնարավոր է, որ դա յուրօրինակ խայծ էր, արձագանքը հասկանալու համար։ Ամուսինները, որոնք հիմնավորված կերպով մեղադրվում են Հայրենիքի դավաճանության մեջ, ակնհայտորեն փորձում էին պարզել արցախցիների վերաբերմունքն իրենց նկատմամբ և, ելնելով դրանից, որոշել՝ արժե գնալ, թե՞ ավելի լավ է չխցկվել այնտեղ։ Կարեկցանքի անընդունակ, արածի համար ամոթի ու զղջման նշույլ անգամ չապրող, անխիղճ ու անսիրտ, արժանապատվություն ասվածի մասին պատկերացում անգամ չունեցող ճիվաղներն ակնհայտորեն մտադրվել էին հող շոշափելուց հետո գնալ ու իրենց կեղտոտ նվերներով փորձել գնել արցախցիների բարյացակամությունը։ Յուրաքանչյուր ոք, ինչպես ասում են, իր արշինով է չափում

Այդ արշինը, սակայն, Արցախի ու նրա բնակիչների մասին չէր։ Ֆեյսբուքում բարձրացած բողոքի ալիքը, մարդկանց զայրույթն ու ցասումը խափանեցին «Էրատոյի» դիվական ծրագրերը։ Ստեփանակերտի իշխանություններն այսօր առավոտյան ապամոնտաժել են «տոնի» համար ավելի վաղ տեղադրված սարքավորումները. վրան-տաղավարները հանվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակից: Հատկանշական է, որ մայրաքաղաքի իշխանությունները, ինչպես պարզվեց, չգիտեն, թե ով է տեղադրել վրանները։ Այսպես, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը տեղեկացրեց, որ քաղաքային իշխանությունները չեն կազմակերպել այդ միջոցառումը և տեղյակ չեն, թե ով է նախաձեռնողը։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քաղաքապետարանի որոշումը կապված է Աննա Հակոբյանի այցի հետ, նա ասաց. «Ես չգիտեմ, թե ով պիտի ներկա լիներ»։

Հավատալ, թե հակոբյանական հիմնադրամը գործել է՝ շրջանցելով Արցախի իշխանություններին, ինչ-որ մասնավոր կազմակերպության միջոցով, ճիշտն ասած, դժվար է, քանի որ վրանները կանգնած էին առնվազն 2 օր։ Մնում է ենթադրել, որ իշխանություններին հրահանգ է իջեցվել Երևանից, և նրանք չեն խոչընդոտել Հակոբյանի և նրա ամուսնու սրբապիղծ «տոնական» ծրագրերին։ Այժմ, Թամրազյանի խոսքերով, տոնածառն ու վրանները հանվել են Ստեփանակերտի բնակիչների պնդումով։

«Էրատոյին» ըստ էության հասկացնել տվեցին, որ իրականացնել հերթական ցինիկ մտահղացումն ու այդ խորապատկերին ներկայանալ որբացած երեխաների մասին հոգ տանող «բարերարուհու» դերում իրեն չի հաջողվի: Ավելին, ստեփանակերտցիները հստակ ցույց տվեցին, որ Արցախի ճանապարհն իր առջև փակ է, քանզի մարդկանց պարտության դատապարտած և նրանց Հայրենիքը խլած դավաճանների ոտքը չի կարող հպվել արցախյան հողին։ «Եռաբլուրի» պղծումը հաջողվեց հազարավոր ոստիկանների ու հատուկ ջոկատայինների պաշտպանության տակ՝ զրահավահաններով։ Սյունիքի պղծումը ձախողվեց, չնայած հազարավոր ոստիկանների ու հատուկ ջոկատայինների առկայությանը։

Արցախի պղծումը չհաջողվեց հասարակ քաղաքացիների շնորհիվ, որոնք, չնայած ահռելի վշտին, իրենց մեջ պահպանել են արժանապատվությունն ու պատիվը և ուժ գտել թույլ չտալու Էրատո-ոճի կեղտոտ խաղեր։ Այսուհետ այդպես պետք է լինի Հայաստանի և Արցախի ամեն անկյունում. Փաշինյան-Հակոբյան զույգը պետք է զգա իրեն հայ ժողովրդի կողմից մերժված վտարյալ, նրանց ոտքերի տակ պետք է այրվի հայոց հողը, նրանց առջև ամենուրեք պետք է մուտքի արգելապատնեշ դրվի։ Թող հեռանան Բաքու և թեյ խմեն իրենց յուզգյարների հետ, մուղամ լսեն ու վայելեն սեփական դավաճանության պտուղները։

Եթե, իհարկե, նրանց հաջողվի խուսափել դատից և բազմաթիվ հարցերին պատասխան տալուց։ Այդ թվում՝ գլխավորներից մեկին. ի՞նչ էր անում Աննա Հակոբյանն այնտեղ, որտեղ գտնվելու իրավունք չուներ, ինչո՞վ էր զբաղվում բանակի հրամանատարական շտաբում և ի՞նչ հետևանքների են հանգեցրել նրա հակաիրավական գործողությունները: Եվ լավ կլինի, եթե այդ դատը կազմակերպվի Ստեփանակերտում. կարծում եմ, քաղաքի բնակիչներն այդ դեպքում չեն հրաժարվի ընդունել նրան այնտեղ՝ ձեռնաշղթայով և ուժեղացված հսկողության տակ՝ Լինչի դատաստան թույլ չտալու համար։