ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ «ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՕՍԿԱՐ»-Ի 93-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար ընտրել է Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը, հայտնում է Variety-ն։

 

 

Սցենարը գրել է Օդրի Գևորգյանը, ֆիլմի հիմքում Սիրվարդ Կավուկչյանի գրած պատմությունն է։ Ժապավենը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, որը, ըստ պարբերականի, խորն ազդեցություն է ունեցել էթնոերաժշտության վրա։ Ժապավենն ընդգրկում է 1881-1915թթ. ընկած ժամանակահատվածը, որն առնչվում է ինչպես Հայոց ցեղասպանությանն, այնպես էլ Կոմիտասի վերջին համերգին։

Ֆիլմում խաղացել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Ժան Նշանյանը, ինչպես նաև փոքրիկ դերասաններ Սլավա Սեյրանյանը, Իռեն Այվազյանը և Մերի Հովսեփյանը։

Պարբերականը նշել է, որ Հայաստանում նոյեմբերի 26-ին թողարկված ֆիլմի պրոդյուսերներն են Նիք Վալելոնգան, Ասքո Հակոբյանը և Նշանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Կարո Կավուկչյանն է։ Նիք Վալելոնգան Կինոակադեմիայի մրցանակ է շահել «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում հաղթած 2018թ.-ի «Կանաչ գիրքը» (Green Book) ֆիլմի համար։ «Սողոմոնի երգերը» ԱՄՆ-ում կցուցադրվի 2021թ.-ին։

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը COVID-19-ի համավարակի հետևանքով 2021թ.-ի փետրվարի 28-ի փոխարեն տեղի կունենա երկու ամիս անց՝ ապրիլի 25-ին։

Mediamall.am