ՌԴ ԱԻՆ-ը Ղարաբաղ տեղափոխված մարդասիրական օգնությունը հասցրել է հասցեատերերին

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Երկաթուղով ժամանած մարդասիրական օգնությունն ամբողջությամբ բաշխվել է Լեռնային Ղարաբաղի մարզերով: Բեռը ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից հասցվել է հանձնման կետեր և արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի վերականգնման գործում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը հասցվել է Մարտունի և Մարդակերտ թաղամասեր` դա 5 հազար քառակուսի մետր ապակի է և գրեթե 70 տոննա մետաղական պրոֆիլ:

Մարդասիրական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն և մեկ վերամբարձ կռունկ: Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, թայտաթեփային սալեր և նրբատախտակ, ինչպես նաև 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան, տեղեկացնում է News.am: