Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԻՆՔԸ ՇԱՏ ՓՈՔՐ ՄԱՐԴ Է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ում մեկնաբանել է իրեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը։

Նրա խոսքով` այդ հրահանգն իր խորհրդարանական կամակատարներին տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորներն ընդամենը կատարողներ են, որոնք երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն Փաշինյանի հրահանգը:

«Քանի որ ինքը շատ փոքր մարդ է, և իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել»,– գրում է Զոհրաբյանը։

Պատգամավորը նշում է, որ նախաձեռնության հեղինակները կառչել են իր կիրառած «ժեխ» բառից, նա հիշեցնում է, որ այդ բառի հոմանիշներից մեկն «անմաքուրն» է։

«Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սևանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած,անմաքուր մարդիկ են»,– գրում է Զոհրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ աշխատելու համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ, բավական է ունենալ ժողովրդի վստահության քվեն ու պատգամավորական մանդատը։

Զոհրաբյանը հայտարարում է, որ երկուշաբթի չի մասնակցելու «Իմ քայլի» ներկայացրած նախագծի քննարկմանը։

Sputnik Armenia