Վարոսյան. Փաշինյանն արկածախնդիր մարդ է, նա պետք է անհապաղ հեռանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միայն այն հանգամանքը, որ Փաշինյանն այն աստիճան տապալեց ամեն ինչ, որ Հայաստանը նման խայտառակ պարտություն կրեց, պետք է բացառի նրա հեռանալ-չհեռանալու դիսկուրսը։ Նա պետք է հեռանա և վերջ։ Նա Հայաստանը տարավ խայտառակ կործանման»,- Panorama.am-ին տված հարցազրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

 

 

Հիշեցնենք, որ հանրապետության մի քանի հարյուր փաստաբաններ միացել են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով հայտարարությանը։

Հայտնի փաստաբանն ընդգծեց՝ ի՞նչ ընտրության մասին կարող է խոսք լինել, եթե հասարակությունը պատերազմի ավարտից մեկ ու կես ամիս անց էլ դեռ չգիտի, ինչ է տեղի ունեցել։

«Փաշինյանի իշխանության օրոք ոչ ոք դա չի իմանալու։ Դա իմանալու ենք մենք մասնավոր զրույցներում։ Հանրությունը, այն անձինք, ովքեր պետք է գնան ընտրության, չգիտեն, ինչ է կատարվել։ Նման պարագայում ընտրություն չի կարող լինել։ Ընտրության համար պետք է նախ դաշտը մաքրվի, մի քիչ սառենք, դուրս գանք ապատիայի, էյֆորիայի վիճակից»,- ասաց նա։

Փաստաբանների պալատի անդամը հիշեցրեց, որ մինչ այսօր իշխանությունը թաքցնում է պատերազմում զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորվում ստացածների թիվը։

«Այս ամենը չի ասում, բայց ասում է, եկեք գնանք ընտրության։ Եղբայր, այդ ամենը չիմանալով՝ հանրությունը ո՞նց է ընտրություն կատարելու։ Դու հասարակությանը տանում ես հերթական արկածախնդրության։ Փաշինյանն իր էությամբ արկածախնդիր մարդ է, իր արկածախնդրությամբ կործանեց այս երկիրը, ժողովրդին, որը գուցե դեռ չի էլ հասկանում, որ կործանված է։ Հիմա էլ փորձում է այդ վիճակում գտնվող մարդկանց, որոնք ոչնչից տեղյակ չեն, տանի ընտրության»,- նշեց նա։

Վարոսյանը կարծում է, որ Հայաստանը ներսից նվաճած օտար ուժերն արտահերթ ընտրությունների դեպքում շարունակելու են այն, ինչ-որ արել են 2.5 տարի կամ ավելի շատ, փորձելու են տանել ընտրությունների, ինչը լինելու է Հայաստանը վերջնականապես որպես պետական միավոր փակելու միջոց։

Փաստաբանը պնդում է՝ Փաշինյանը չունի պետություն ղեկավարելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, անցած ճանապարհ։

«Ես համոզված եմ, որ անձնական նման որակներ կրող անձը, կրթական էդ մակարդակն ունեցող անձը, իր էմոցիաները զսպել չկարողացող անձը, առհասարակ նման բառամթերքով արտահայտվող անձը չի կարող պետություն ղեկավարել։ Բացառված է։ Նա մի անձ է, որ չի կարողանում հաշվարկել երկու քայլ, մեկ օրում երկու անգամ հակասում է իրեն։ Անում է մի քայլ ակնհայտորեն էմոցիաների ներքո, և չի գիտակցում, էդ քայլից հետո ի՞նչ է անելու։

Ինչպես աշխատել է Հայաստանի ներսում, նույն կերպ տարավ արտաքին դիվանագիտությունը։ Սակայն դրսում, այն էլ պետության ղեկավարների մակարդակով նման էժանագին տրյուկները կործանարար են։ Նա մեզ տարավ կործանման։ Մեր գնահատականն արդեն պոստ ֆակտում է։ Ինքը մնացել է հայոց պատմության մեջ որպես ամենաանհաջողակ ղեկավար»,- ասաց փաստաբանն ու ընդգծեց՝ չգիտի կրթված, գրագետ, իր ոլորտում կայացած մի մարդու, որ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը։