Քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու ՀԱԵ-ուն (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։

 

News.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիների մի խումբ էլ հավաքվել է Էջմիածնի Մայր Տաճարի մոտ, որտեղից քայլերթով միանում են Սուրբ Գայանեի բակում հավաքվածներին։

Հայոց բոլոր եկեղեցիներում ասյօր մատուցվում է տարվա վերջին Ս. Պատարագը։ Քիչ առաջ Սուրբ Գայանե եկավ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, որը ողջունեց ու օրհնություն տվեց հավաքվածներին։

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,

Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:

Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»։