Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ժամանակ ասել է` այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։

«Փաշինյանի հետ հանդիպումը երկար չէր կարող տևել, քանի որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ցանկացել է հանդիպել, չեմ մերժել։ Ինչ հրապարակային եմ ասել, իր երեսին եմ ասել։ Միակ ելքը ստեղծված իրավիճակում վայրկյան շուտ իր հրաժարականն է»,–ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` Ծառուկյանը նշեց, որ այդ մասին էլ ասել է` դա կարող է լինել, եթե Փաշինյանը չլինի ժամանակավոր պաշտոնակատար։ Երբ դա ընդունելի լինի Փաշինյանի համար, այդ ժամանակ կխոսեն նորից։ Այլ հարցերի Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ դրանք պետք է ուղղել հենց Փաշինյանին, տեղեկացնում է Sputnik Armenia։