ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատական հայց են ներկայացրել ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ

Սահմանադրական դատարանի նախկին նախագահի այժմ արդեն նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Ե՛վ Գրիգոր Մուրադյանը, և՛ Հրայր Ղուկասյանը հայցով պահանջում են վերացնել Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականների պաշտոններից ազատելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 22-ի կարգադրությունները, վերականգնել իրենց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում և պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Հայցադիմումները դատարանը ստացել է դեկտեմբերի 24-ին: Գրիգոր Մուրադյանի հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, իսկ Հրայր Ղուկասյանի հայցը՝ դատավոր Անի Հարությունյանին: Դատական նիստերի օր դեռևս նշանակված չէ, տեղեկացնում է News.am: