Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐԻ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր: Facebook-ում կատարած գրառման մեջ նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար»,- գրում է նա:

Այդ տարածքների շարքում Սաղաթելյանը հիշատակում է նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին, կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ, տարածքներ և բնակելի թաղամասեր Շուռնուխ և Որոտան գյուղերից:

Սաղաթելյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակի մեկ քառորդն արդեն անցել է, բայց, Սաղաթելյանի դիտարկմամբ, անցնած հիսուն օրերի ընթացքում միայն թշնամուն են հանձնվել եռակողմ հայտարարությամբ չնախանշված վերոհիշյալ տարածքները:

«Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։ Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն»,- նշում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, գերխնդիրն է Փաշինյանի ժամ առաջ հեռացումը և հայրենիքի փրկությունը, մնացածը կեղծ օրակարգ է:

Sputnik Armenia