Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Տեղեկությունըհայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ Նիկողոսյանի` առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։

Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում, և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։