Նախագահը Նոր տարին Գյումրիում է անցկացնում, թող գնար Շուռնուխում անցկացներ. Հրանտ Բագրատյան

Արեւտմյան սահմանից լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս։ Տիգրանաշենը տալուց հետո մենք այլեւս Սյունիք չենք կարող գնալ։ Հայաստանի Հանրապետությունն ավարտվում է Արարատի մարզով»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն աշխատող չի. «Եթե սիստեմը կառավարող մարդ լիներ, եթե նրանից վարչապետի հոտ գար, պիտի հասկանար հետեւյալը, որ գյուղերը հենց այնպես չեն հանձնում։ Նախ նստում ու Ադրբեջանի հետ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, քանի որ տարածքային հանձնումներ կան, հաստատում է Ազգային ժողովը, նոր հանձնում են։ Այդ պրոցեսը տեւում է ամիսներ կամ մեկ տարի։ Ի՞նչ գործ ունի ադրբեջանցին Շուռնուխում, ինչո՞ւ պետք է հայ գյուղացին շփվի ադրբեջանցի զինվորի հետ. հայ զինվոր էլ չկա։ Քանի որ երկրում վարչապետ չկա, նախագահ չկա։ Նախագահը գնացել է Գյումրի, Նոր տարին այնտեղ է անցկացնում, գնար Շուռնուխում անցկացներ։ ՀՀ տարածքային պահպանման երաշխավորը ՀՀ նախագահն է։ Ադրբեջանը Հայաստանը բաստուրմայի նման վերցրել ու կտրում է։ Նախագահն ու վարչապետն իրենց պահում են որպես Իլհամ Ալիեւի հարճ»։

Բագրատյանի խոսքով՝ Տիգրանաշենից հետո ադրբեջանցիները նույն պայմանը կդնեն նաեւ Մասիս քաղաքի, Երեւանի թամասերից մեկը, որտեղ ապրել են ադրբեջանցիներ. «Մինչդեռ մենք չենք ասելու Բաքվի թաղամասերից մեկը տվեք Հայաստանին, ասող չկա։ Ասողը պիտի Նիկոլ Փաշինյանը լինի, նա կարծում է, որ ինքը պարտվել է, նա վախենում է։ Նա Ալիեւից այնպիսի վախ ունի, ինչպես այն կինը, որին բռնաբարել են եւ ինքը կարծում է՝ հերթական անգամ հանդիպման ժամանակ Ալիիեւն իրեն կբռնաբարի»։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հիմա ՀՀ սահման գոյություն չունի. «ՀՀ սահմանն այն է, ինչը որոշում են ադրբեջանցիները։ Եթե պատերազմ լինի, օրինակ՝ եթե ՀԱՊԿ-ն ուզենա օգնել, իր համար պարզ չի՝ կոնֆլիկտը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքը մտավ Շուռնուխ, հաջորդն ասելու է՝ Դավիթ-Բեկն էլ եմ ուզում։ Մենք չունենք հաստատված սահման Ադրբեջանի հետ։ Սա գալիս է նախագահի եւ կառավարության անգործությունից»։

«Այն, ինչ մենք կորցրինք Ղարաբաղի պատերազմում, հողը չհաշված ունեցվածքը կազմում է 8 միլիարդ դոլար։ Հողի գինը չգիտեմ՝ ինչպես չափել, հողի գինը սահման չունի։ Հայաստանը երբեք այսպիսի օրեր չի ապրել։ Մեկ էլ այսպես վատ եղել է 1045 թվականին, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսն ասաց՝ դե պետությունն ինչ ենք անում, գնացինք այստեղից։ Մենք պետք է լինենք Թուրքիայի վասալ Ադրբեջանի վասալը։ Հենց մեծ միտինգ է լինում, նախագահն ասում է՝ լավ կլիներ, հրաժարական տար, հետո գնում ու հանդիպում է Փաշինյանի հետ։ Հետո Նիկոլի ասած նախարարներին ինքը նշանակում է։ Եթե Նիկոլը ոչնչություն է, ապա Արմեն Սարգսյանն առ ոչինչ է, գնում ես Լենինական քեֆերի, գնա Շուռնուխ։ Պետության ղեկավար ես, վեր կաց, ասա՝ Արծվաշենը տվեք, առաջ այդպես էր։ Ոչ պատմություն գիտի, ոչ էլ, ամբողջ օրը խմած է, չի կարողանում կենտրոնանալ, մի պաշտոնյա չի կարողանում մոտը մտնել, հարց լուծել, քարտուղարն ասում է՝ խմած է, թող գնա։ Փաշինյանն ասում է՝ մնացած սահմանները բանավոր պայմանավորված է։ Այսինքն՝ եթե վաղն Ադրբեջանը գրավեց Ճամբարակը, մենք կարո՞ղ ենք ՀԱՊԿ-ին ասել, որ մեզ վրա հարձակվել են, ոչ, որովհետեւ ՀԱՊԿ-ը կարող է ասել՝ դա վիճելի քաղաք է։ Մի գեղցի եկավ ու բոլորին հարիֆացրեց. այս ժողովուրդն էլ ուշքի չի կարողանում գալ»,- ասաց Բագրատյանը։

Բագրատյանի խոսքով՝ Փաշինյանի նկատմամբ կան լուրջ ճնշումներ, որպեսզի նա հրաժարակա չտա. «Փաշինյանի վրա լուրջ ճնշումներ կան ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ իր տանեցիների կողմից, որ հրաժարական չտա։ Փաշինյանին ասվել է, որ կերաշխավորենք կյանքդ, եթե գնաս։ Օրինակ՝ ես հիմա դա չէի երաշխավորի, որովհետեւ շարունակում է հոխորտալ»։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը չի կարողանում Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, Բագրատյանն ասաց. «Տարբերակ չկա, որ ընդդիմությունը չկարողանա առայժմ 17 կուսակցությունների շրջանակներում։ Վստահ եմ, որ 17-ը պիտի գործողություններ ծավալի»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am