Ադրբեջանի ԱԱԾ տնօրենը Տավուշ չի գալու․ ԱԱԾ-ն հերքել է

Հայաստանի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենների միջև վաղը Հայաստանի Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԱԾ-ն։

«Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը», - գրված է հայտարարությունում։

ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը հանդիպել են օրեր առաջ՝ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում և այսօր՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում։ Այդ հանդիպումների ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը: Ավելին, հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու այդ լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով», - ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ լուրերի հեղինակներին կոչ անում զերծ մնալ ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ:

Sputnik Արմենիա