ՈՐՈՇԵՑ ՇՐՋԱՆՑԵԼ ՈՒՂԵՓԱԿՈՑԸ և ԲԱԽՎԵՑ ԳՆԱՑՔԻՆ

Հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղում գտնվող գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, նա շրջանցել է արդեն իջեցված ուղեփակոցը և արդյունքում բախվել է էլեկտրագնացքի: Վարորդը չի տուժել:

2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն՝ երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար: