Արա Զոհրաբյան. Առանց չորս կետերի ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի տնտեսական ապաշրջափակման ռիսկերին ու դրանք կանխող քայլերին.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:»:

Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները՝ 1. Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ. 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝ - Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով. - Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով. 3. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում. 4. Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում: Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության  անվտանգությանը:

Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց  պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»։

Պանորամա