Ռուս խաղաղապահները շարունակում են աշխատանքներն Արցախում

Վերջին մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 146 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48 840 փախստական», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արցախցիները վերադառնում են խաղաղապահների ուղեկցությամբ։

Ռուս ականզերծողները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած 517,8 հա տարածք, 1972,8 կմ ճանապարհ, 750 շինություն են մաքրել, այդ թվում 24 քաղաքացիական օբյեկտներ, հայտնաբերել և ոչնչացման համար տարհանել են 23 404 պայթունավտանգ առարկա։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» 575 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia: