ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չի կատարվում ո՛չ սահմանագծում, ո՛չ էլ սահմանազատում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին իրականացվող միջոցառումները պետական սահմանների սահամանագծում կամ սահմանազատում չեն։ Այսպես են պատասխանել Հայաստանի կառավարությունից Sputnik Արմենիայի հարցմանը, որով խնդրել էինք մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես`խնդրել էինք բացատրել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է տեղի ունենում «սահմանային որոշակի կետերի տեղորոշումը» Ադրբեջանի հետ (չակերտների բնորոշումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է), արդյո՞ք այն տեղի է ունենում ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, և եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել են, որ գործընթացը չի կարող սահմանազատում և սահմանագծում անվանվել։

«Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է։ Իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց, չեն առնչվում կարգավիճակային հարցերին և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում», – պատասխանել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պատասխանում ասված է նաև, որ սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայումը կատարվում է կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, գործընթացն անմիջականորեն կամ միջնորդավորված քննարկվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների հիման վրա։