Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ

Կարծում եմ, որ երեկ Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ քննարկվել է շատ ավելի լուրջ հարցերի շրջանակ, և դա կարելի է եզրակացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների անուղղակի արտահայտություններից: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

«Դրանցից է ռազմագերիների և նրանց հանձնման հարցը, որը հայկական կողմն այս փուլում առաջնահերթ է համարում: Կարելի է ենթադրել նաև, որ ինչ-որ կերպ շոշափվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու հարցը»,- պարզաբանեց նա: Առայժմ, ինչպես նկատեց փորձագետը, հաջողվել է համաձայնեցնել միայն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, ինչը կարևոր է Ադրբեջանի համար, և Ալիևը միշտ հայտարարել է Մեղրիի միջոցով Նախիջևանի և Թուրքիայի հետ ամենակարճ տրանսպորտային հաղորդակցությունը ապահովելու մտադրության մասին: «Դրա փոխարեն խոստացել են Ադրբեջանի տարածքով միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ռուսաստանի միջև: Դեռ դժվար է ասել, թե ինչպես դա կիրականացվի՝ հաշվի առնելով Բաքվի և Երևանի միջև շարունակվող անվստահության մթնոլորտը, ինչպես նաև հայկական կողմի համար ռազմագերիների չլուծված խնդրի առկայությունը:

Կարևոր է, որ հանդիպումն անցել է դեմ առ դեմ և նշվել է, որ այն կազմակերպվել է Պուտինի նախաձեռնությամբ: Ռուսաստանի համար կարևոր է Անդրկովկասում կայունությունը և այնտեղ ռազմական էսկալացիայի կրկնության կանխումը: Մոսկվայում կայացած հանդիպմանը այս դիրքորոշումը կարող էր փոխանցվել հակամարտող կողմերի առաջնորդներին: Ղարաբաղյան հակամարտությունը երկար պատմություն ունի, միևնույն ժամանակ, տարածաշրջանում նոր իրողություններ են ձևավորվում, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել, այդ թվում` ռուսական կողմին, ինչը ենթադրում է հավասարակշռված հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Մոսկվան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի գոնե որոշ տնտեսական հարաբերություններ երկրների միջև հաստատվեն, որպեսզի հնարավոր լինի նաև առաջ տանել քաղաքական օրակարգը»,- ընդգծեց քաղաքագետը: Արեշևի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բարդ է, և ժամանակ է պետք հասկանալու համար այն նոր իրողությունները, որոնց մասսայական մակարդակով ոչ ոք պատրաստ չէր: «Այս փոփոխությունները դեռ պետք է իմաստավորվեն, այդ թվում` օգուտների և վնասների համատեքստում՝ երկաթուղային հաղորդակցությունը ոչ միայն Մեղրիով, այլև Հայաստանից Նախիջևանով Իրան բացելու դեպքում:

Հաշվի առնելով նաև այն, որ շատ հատվածներում երկաթուղային ուղին պարզապես ապամոնտաժված է, ապա դեռ դժվար է ասել, թե երբ այս ամենը կարող է իրականացվել: Ցանկացած դեպքում, ժամանակակից հնարավորություններից ելնելով, դա անելն այնքան էլ բարդ չէ, իսկ ահա քաղաքական խնդիրները, ասենք, դիվանագիտական լիարժեք հարաբերությունների հաստատումը, որը Երևանի համար կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման հետ, ավելի լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումը: Կգնա արդյոք Հայաստանը այս ուղղությամբ լրացուցիչ զիջումների՝ առայժմ դժվար է ասլ։

Ըստ ամենայնի, անցկացվում են նաև հայ-թուրքական բանակցություններ՝ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման շուրջ: Եթե դա տեղի ունենա, ապա նոր երանգներ կներդնի Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության մեջ: Թուրքիային ձեռնտու է այստեղ իր գերիշխող դիրքը հաստատել, ինչպես նաև իր համար փակել տարածաշրջանային հակամարտություններից մեկը: Անկարայի համար կարևոր էր ցույց տալ իր անփոխարինելիությունը՝ որպես տարածաշրջանային դերակատար: Մենք տեսնում ենք, որ նա ակտիվորեն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, և կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի: Սրա հետ մեկտեղ, Թուրքիան և Ադրբեջանը կձգտեն մեծացնել իրենց տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա, և դրանում անսպասելի ոչինչ չկա»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ստորագրվել է փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարություն, որը կաշխատի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից առավել առաջնահերթ համարվող գերիների վերադարձի հարցը որևէ լուծում չի ստացել:

News.am