Հայաստանում 30-40 տոկոսով թանկացել է արևածաղկի ձեթը և ալյուրը, հացի քաշը պակասել է

Հայաստանում դեռևս մինչև Ամանորը թանկացել էին արևածաղկի ձեթը և ալյուրը (երկուսն էլ 30-40 տոկոսով), ինչպես նաև հացը և շաքարը: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ սա պայամանավորված է այն հանգամանքով, որ աճել են նշված արտադրանքների գները Ռուսաստանում, որտեղից դրանք ներմուծվում են:

«Արձանագրվել է նաև ցիտրուսային արտադրանքի գնաճ: Գնաճի պատճառներից մեկն է դրամի դևալվացիան: Ալյուրի գնաճի ֆոնին տնտեսվարող սուբյեկտները հացի գների զսպման նպատակով (որքան դա հնարավոր է) հացի քաշը մոտ 30 գրամով նվազեցրել են»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին, ապա դրանք, ինչպես նշեց փորձագետը, հիմնականում կփոխարինվեն ռուսական, չինական կամ իրանական ապրանքներով:

«Կենցաղային քիմիան հիմնականում ներմուծվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Առայժմ գնաճ չկա, բայց չի կարելի բացառել»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am: