Հովհաննես Մանուկյան․ Հայաստանը իր բանակցային ռեսուրսը լիարժեք չի օգտագործում

Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի հերքմանը, որը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։

Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ` նման բարձր մակարդակում անհամաձայնություններ արտահայտելը պատահական երևույթ չէ և դրա տակ կան հավանաբար խորքային հակասություններ։

Ըստ նրա` առաջին հայացքից այն իդիլիայի տակ, որ մինչ օրս կա եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նույնպես կան խորքային հակասություններ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերի, այլ նաև տարբեր հարթություններում Հայաստանի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի հետ կապված և պետք է չէ մոռանալ, որ մեր տարածաշրջանում արդեն գործ ունենք նաև Թուրքիայի շահերի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։

«Նիկոլ Փաշինյանի պարագայում բացառում եմ բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չլինելու հնարավորությունը։ Սա խոսում է այն մասին, որ կան տարակարծություններ և տարամեկնաբանություններ առանձին խնդիրների վերաբերյալ, ինչը խոսում է այն մասին, որ համենայնդեպս հայ–ռուսական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ միանշանակ տեղի է ունենում փոխըմբռնման միջավայրում»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Մանուկյանի կարծիքով` բանակցային գործընթացը, ցավոք սրտի, իդեալական չէ, որովհետև ունենք մի իրավիճակ, երբ կան պարտված և հաղթանակած կողմեր, ու ըստ էության հետպատերազմական հետևանքների տաք իրավիճակը դեռ չմարսած, չհաղթահարած Հայաստանը, որպես պարտված կողմ, այս պահի դրությամբ բանակցային իր ռեսուրսը լիարժեք չի օգտագործում։

«Ես բանակցային գործընթացի ռեստարտը հնարավոր համարում եմ։ Համենայն դեպս, որևէ անելանելի իրավիճակից նվազագույնը երկու լավ լուծում կա, սակայն պետք է փոխվեն մեկնարկային պայմանները, այսինքն` Հայաստանի կողմից բանակցողի պահով լավ պայմաններ ապահովելու համար պետք է լինի նոր բանագնաց։ Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան ներքաղաքական գործընթացները, բայց նոր բանակցողը կարող է լինել ինչպես ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ, այնպես էլ արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական իշխանության ներկայացուցիչը»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Մանուկյանը ճիշտ համարեց, որ հետպատերազմյան նոր ճարտարապետությունը գծագրվի նոր քաղաքական իշխանության ներկայությամբ և մասնակցությամբ։