Շուռնուխի գյուղապետ․ Եթե պատուհանից թուրքին են տեսնում, ինչպե՞ս կարող են հանգիստ լինել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իրավիճակը նույնն է։ Ադրբեջանցիների վերահսկողությանն անցած տարածքից թշնամին այս ընթացքում դեռ ագրեսիվ որևէ քայլ, գործողություն չի իրականացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Բնակիչներն անհանգիստ վիճակում են, քանի որ թուրքն այդքան քիչ հեռավորության վրա է։ Եթե պատուհանից նայում ու թուրքին են տեսնում, ինչպե՞ս կարող են հանգիստ լինել»,-նշեց Հակոբ Արշակյանը։

Գյուղապետի խոսքով դեռ չի եղել դեպք, որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածից բնակիչները լքեն գյուղը, սակայն չգիտի՝ նման մտադրություններ ունեն, թե ոչ։

Բնակիչներն անհանգստություններ ունեն նաև անասուններին արածացնելու հետ կապված «Երբ եղանակները լավանան, անասունները դուրս կգան արածելու, ինչը վտանգավոր է։ Ոնց էլ չլինի, կարող է գնա գետակից ջուր խմելու, որն արդեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Հիմա մեր տղաներն էլեկտրական պատնեշի վրա են աշխատում, որ անասունները չանցնեն մյուս կողմ»,-ասաց գյուղապետը։

Հարցին՝ ադրբեջանական կողմին անցած տների բնակիչներն այժմ որտեղ են բնակվում և ինչպես է նրանց բնակարանային հարցը լուծվելու, Հակոբ Արշակյանը նշեց, որ հիմնականում նրանք գյուղի վերևի հատվածի ազատ տներում են բնակեցված, երկու ընտանիք Գորիսում է, իսկ մեկ ընտանիք՝ Կապանում «Կառավարութան կողմից պետք է տներ կառուցվեն գյուղի վերևի հատվածում։ Այդ մարդկանց հասցված վնասը դեռ հաշվարկված չէ, բայց ասացին, որ փոխհատուցում կլինի։ Առայժմ ոչ մի բան չկա»,-նշեց գյուղապետը՝ հավելելով, որ համայնքապետարանը սննդի հարցով աջակցում է այդ ընտանիքներին, ինչպես նաև գյուղի մյուս բոլոր բնակիչներին։

«Հուսով եմ՝ մեր տները պետք է հետ վերադարձնենք, որովհետև չի կարելի միայն Գուգլի GPS-ով առաջնորդվել։ Թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն պետք է ամեն ինչ անեն։ Մենք մեր թղթերն ենք պատրաստում տները հետ վերադարձնելու համար»,-հավելեց Հակոբ Արշակյանը։