ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը պատրաստ չէ հասարակությունների միջև հումանիտար շփումներին

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին։

Զախարովան այսօր հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները փաստում են, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:

Նաղդալյանը նշում է, որ հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

«Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,–ասում է Նաղդալյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։