Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը

Գերմանիայի ծովագնացության և ջրագրության դաշնային գերատեսչությունը հունվարի 15-ին թույլատրել է գերմանական ջրերում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Նախկին թույլտվությամբ մինչև մայիսի վերջ աշխատանքներն արգելված էին, փոխանցում է DW-ն:

Միաժամանակ, ձգձգվում է Դանիայի ջրերում գազատարի կառուցումը: «Մենք ստացել ենք Դանիական էներգետիկ գործակալության հավանությունը ուրբաթ աշխատանքը սկսելու մասին: Սակայն դա չի նշանակում, որ մենք նույն օրն իսկ սկսում ենք խողովակների անցկացումը»,- հայտարարել է Nord Stream 2 AG նախագծի օպերատորի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ստուգել տեխնիկական սարքավորումները:

Խողովակների անցկացման աշխատանքները դադարեցվել էին 2019 թվականի դեկտեմբերին եվրոպական կապալառուների դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Խողովակներ անցկացնող ռուսական «Ակադեմիկոս Չերսկի» նավը Նախոդկայից գերմանական Մուկրան նավահանգիստ էր ժամանել դեռևս 2020-ի մայիսին, բայց Դանիայի իշխանություններն արգելել էին Բորնհոլմ կղզու շրջանում ցանկացած շինարարական աշխատանք՝ դա պատճառաբանելով ձողաձկան ձվադրմամբ: 2020 թվականի դեկտեմբերին աշխատանքները վերսկսվել էին, Ամանորից առաջ Գերմանիայի հատուկ տնտեսական գոտում խողովակներ էին անցկացվել 2,6 կմ երկարությամբ հատվածում, տեղեկացնում է News.am: